Մատչելիության հղումներ

Հայաստանը վերսկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ


Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

«Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձևավորման ուղղությամբ գործընթացն արդեն մեկնարկել է: Քննարկումներն ընթանում են թե՛ առևտրային հարցերի շուրջ և թե՛ քաղաքական, արդարադատության և ոլորտային համագործակցության բաղադրիչների շուրջ», - նշեց փոխարտգործնախարարը: - «Մենք այս մասին ասել էին նախկինում և հիմա էլ հայտարարում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ առևտրի, բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման․․․ ես կարող եմ նույնիսկ ավելացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցություն և այլ բնագավառներում: Այս պահին, ինչպես ասացի, եվրոպական մեր գործընկերների հետ իրականացվում է մտքերի փոխանակում, և իմաստը այդ գործընթացի՝ ի հայտ բերել համատեղելի տարրերը: Մասնավորապես, նաև առևտրի բնագավառում»:

Այսօր ավելի վաղ, հիշեցնենք, «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որում առավելապես պահպանելու է Ասոցացման համաձայնագրում բանակցված բոլոր այն նորմերը, որոնք հնարավոր է պահպանել և որոնք չեն հակասում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

«Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ոլորտները պարզելուց հետո Հայաստանի համար հնարավոր եղավ նաև Եվրամիությա՛ն հետ կարգավորել կապերը, ինչը պետք է բերեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր իրավական ձևաչափի ստեղծմանը», - ասել էր Մելքոնյանն ու մանրամասնել. - «Նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները տարվում են հիմնականում առևտրային հարաբերությունների, մրցակցության պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի, տեխնիկական կանոնակարգերի, սննդի անվտանգության մասով: Դրան զուգահեռ Արտաքին գործերի նախարարությունը քննարկում է նաև համաձայնագրի քաղաքական բլոկը: Եթե աշխատանքներն արդյունավետ ընթանան, Հայաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը»:

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, պատրաստվող համաձայնագրում ներառված ոլորտները, ըստ էության, վերցված են Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրից: Նրա խոսքով, ներկայումսուշադիր քննության են ենթարկվում բոլոր այն կետերը, որոնք ներառվելու են Եվրամիության հետ պատրաստվող նոր փաթեթում, որպեսզի դրանք չհակասեն այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է ԵՏՄ-ին անդամակցելով:

Հիշեցնենք՝ օրերս լրագրողների հետ զրույցում Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագրի մասին էր խոսել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ մասնավորապես ընդգծելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իրավական բազայի մշակումն ու տարբեր ոլորտներում աջակցության ցուցաբերումը:

«Մենք նաև շարունակելու ենք քաջալերել Հայաստանին՝ շարունակել մասնակցել Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում գործող համագործակցության բոլոր ձևաչափերին այնքանով, որքանով դրանք չեն հակասում Եվրասիական տնտեսական միության առջև Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին», - ասել էր դեսպանն ու հատկապես կարևոր համարելՀայաստան - Եվրամիություն առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիշեցնելով, որ հենց Եվրամիությունն է հանդիսանում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հավաստմամբ՝ չի դադարեցվի նաև Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:Այս համատեքստում նա դարձյալ հիշատակել է 2014-2017 ժամանակահատվածում իրագործվելիք աջակցության ծրագիրը: Այդ ընթացքում Հայաստանին կտրամադրվի 140-170 մլն եվրոյի աջակցություն՝ միտված մի քանի ոլորտների զարգացմանը:

XS
SM
MD
LG