Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ում վայրէջք կատարած ադրբեջանցիները «գոհ ու շնորհակալ» են հեռացել Հայաստանից


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը

Շաբաթ լույս կիրակի և կիրակի լույս երկուշաբթի գիշերները Կիև - Թբիլիսի - Կիև թռիչք իրականացնող «Ուկրաինական միջազգային ավիաընկերության» երկու օդանավերը Թբիլիսիում եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք են կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ վայրէջք կատարած առաջին ինքնաթիռում այլ ուղևորների թվում 24-ը, երկրորդում՝ 13-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։ Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության խոսնակի, բոլոր ուղևորների հետ նրանք ևս հրավիրվել են օդանավակայան։

«Ըստ կարգի, նրանք սպասել են մինչև եղանակային պայմանները Թբիլիսիում թույլ են տվել վայրէջք կատարել, և ինքնաթիռներն ուղևորվել են Վրաստան։ Հայաստանի տարածքում նրանց տրամադրվել է սնունդ, տաքանալու հնարավորություն», - ասաց Գրձելյանը։

Նրա խոսքով, երկրորդ ինքնաթիռի չորս ուղևորներ հրաժարվել են իջնել ինքնաթիռից ՝ պատճառաբանելով, որ ոստիկանության աշխատակիցներ են և կարող են Բաքվում խնդիրներ ունենալ, եթե իջնեն։

«Չնայած անձնագրերում ոչ մի տեղ չի երևում [որ վայրէջք են կատարել Երևանում], այսինքն՝ նրանք սահման չեն հատում, բուֆերային գոտում սպասում են, մինչև ինքնաթիռը նորից հնարավորություն ունենա թռչել, և շարունակում են ճանապարհը։ Բայց քանի որ նրանք հրաժարվել էին իջնել, ապա նրանց ամեն ինչով ապահովել են, այդ թվում՝ տաքությունով։ Նրանք գոհ ու շնորհակալ, մի քանի անգամ շնորհակալություն ասելով հեռացել են Երևանից», - փոխանցեց Գրձելյանը։

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, սակայն, պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիներին Երևանի օդանավակայանի անվտանգության աշխատողները ստիպել են իջնել օդանավից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG