Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում կհայտարարվի Հայաստանի՝ հունվարի 2-ից ԵՏՄ լիիրավ անդամ դառնալու մասին


Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ.

Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք նիստի ժամանակ տրվելու է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական մեկնարկը:

Այսօր Մոսկվայում պաշտոնապես կհայտարարվի Հայաստանի՝ հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դառնալու մասին։

Երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր Մոսկվայում Հայաստանի նախագահը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ժամանակ պետք է տրվի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պաշտոնական մեկնարկը։ ԵՏՄ-ն, հիշեցնենք, փոխարինելու է Մաքսային միությանը։

Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կհետևի անդամ երկրների ղեկավարների մամլո ասուլիսը։

«Ռուսաստանի Ղազախստանի և Բելառուսի նախագահները երեքշաբթի օրը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման հետ կապված ընթացակարգերի ավարտը», - երեկ հայտարարեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով, Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա ԵՏՄ-ի գործարկման հենց հաջորդ օրվանից՝ 2015 թվականի հունվարի 2-ից։

Հայաստանը, հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում, իսկ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հուվարի 1-ից։ Հայաստանը թեև անդամակցելու է Եվրասիական միությանը, այդուամենայնիվ միության հիմնադիր երկիր չէ։

XS
SM
MD
LG