Մատչելիության հղումներ

Տրանսպորտի սակագնի հարցում քաղաքապետարանը կսպասի հանձնաժողովի հաշվարկներին


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցում է լրագրողների հետ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո, Երևան, 22-ը դեկտեմբերի, 2014թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցում է լրագրողների հետ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո, Երևան, 22-ը դեկտեմբերի, 2014թ.

Տարոն Մարգարյանն ասում է՝ տոներից հետո կհետևեն թանկացումների պատկերին, այնուհետև կհստակեցնեն իրենց անելիքները։

Երևանի քաղաքապետարանը համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո միայն կորոշի տրանսպորտի սակագնի հարցը, երեկ հայտարարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել, որ ունենք ստեղծված հանձնաժողով, սպասում ենք հանձնաժողովի պատասխանին։ Արդեն բոլորիս համար պարզ է, որ որոշ թանկացումներ են տեղի ունեցել, հիմա հանձնաժողովը լրացուցիչ հաշվարկներ կիրականացնի: Մինչև հաշվարկները չիրականացնի, մենք հանրությանը չտեղեկացնենք, նման քայլի չենք գնալու», - հայտարարեց Մարգարյանը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ երևանյան մի քանի երթուղայինների վարորդներ գործադուլ հայտարարեցին՝ բողոքելով գազի սակագնի բարձրացման դեմ։ Վարորդները տրանսպորտի սակագնի բարձրացման պահանջ չներկայացրեցին, պարզապես ընդգծեցին, որ գազի թանկացման հետևանքով այլևս չեն կարողանում աշխատել։

Օրեր առաջ լցակայաններում գազի գինը բարձրացավ ավելի քան 20 տոկոսով՝ մեկ խորանարդ մետրի համար 190 դրամից հասնելով 230-ի։ Լցակայանների աշխատակիցները թանկացումները կապեցին դոլարի փոխարժեքի բարձրացման հետ։

Երեկ Տարոն Մարգարյանը նշեց, որ տոներից հետո կհետևեն թանկացումների պատկերին, այնուհետև կհստակեցնեն իրենց անելիքները։

«Քանի որ որոշ սպասարկող ընկերությունների վարորդների դժգոհությունը եղավ գազի թանկացման հետ կապված և նաև մեքենաների մասերի թանկացման, հիմա կսպասենք մինչև հունվարի վերջ, տեսնենք՝ էդ թանկացումները մնալո՞ւ են, թե՞ գներն իջնելու են։ Եթե գներն իջնելու են և կայունանալու են, ինձ թվում է՝ հանձնաժողովին պետք է սպասենք, հանձնաժողովը որոշում կայացնի», - ասաց Մարգարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG