Մատչելիության հղումներ

Մամուլի նկատմամբ հետապնդումները նպաստում են Թուրքիայի ավտորիտար իմիջին


Թուրքիա - Zaman-ի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին (կենտրոնում) ազատ արձակվելուց հետո՝ կողմնակիցներով շրջապատված, Ստամբուլ, 19-ը դեկտեմբերի, 2014թ․
Թուրքիա - Zaman-ի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին (կենտրոնում) ազատ արձակվելուց հետո՝ կողմնակիցներով շրջապատված, Ստամբուլ, 19-ը դեկտեմբերի, 2014թ․

Եվրամիությունը և ԱՄՆ-ը, միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները արձագանքել են Թուրքիայում վերջին ձերբակալություններին:

Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող հետապնդումները սպառնում են երկրի ժողովրդավարական համբավին: Ամերիկյան The Washington Post պարբերականի այս կարծիքը կիսում են նաև միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես՝ Human Rights Watch-ը:

Դեկտեմբերի 14-ին լրագրողների, հեռուստասցենարիստների և նախկին իրավապահների դեմ իրականացված ոստիկանական օպերացիայի շրջանակում Թուրքիայում տարբեր լրատվամիջոցների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ են ձերբակալվել, նրանց թվում՝ Samanyolu հեռուստատեսության գլխավոր տնօրեն Հիդայեթ Քարաջան և Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին, զինված ավազակախմբի ձևավորման միջոցով պետական իշխանությունը զավթելու փորձի կասկածանքով: Zaman-ի գլխավոր խմբագիրը ուրբաթ օրը ազատ է արձակվել, մինչդեռ Samanyolu-ի տնօրենը դեռևս ձերբակալված է:

Մի շարք միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ, ինչպես նաև Եվրամիությունն ու ԱՄՆ-ը արձագանքել են վերջին ձերբակալություններին, համարելով, որ նմանօրինակ գործողությունները նպաստում են Թուրքիայի ավտորիտար իմիջին:

Թուրքական դատարանն անցած շաբաթավերջին բավարարել է նաև դատախազության միջնորդությունը և հրահանգել է ձերբակալել Միացյալ Նահանգներում բնակվող ազգությամբ թուրք կրոնական գործիչ, Թուրքիայի նախագահ և նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի երբեմնի դաշնակից, այժմ՝ մոլի հակառակորդ Ֆեթհուլլա Գյուլենին: Թուրք իրավապահների տվյալներով՝ ձերբակալված լրագրողները հենց Գյուլենի ազդեցության տակ են գործել:

The Washington Post-ի վերլուծաբանի կարծիքով՝ վերջին «սարքված» մեղադրանքները Էրդողանի հետապնդման մոլուցքի արդյունք են և վտանգում են Թուրքիայի ժողովրդավարությունը:

«Իրենց ընդդիմախոսներին ջախջախելու համար բռնապետերը հաճախ ստիպված են հնարել պատրվակներ», - Թուրքիայում լրագրողների նկատմամբ վերջին հետապնդումների մասին գրել է ամերիկյան պարբերականի մեկնաբանը:

Թուրքիայում քրեական հետապնդում է սկսվել նաև ուրբաթ օրը Սամսուն քաղաքում լրագրողների ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ The New York Times-ում հրապարակված Էրդողանի ծաղրանկարը բռնած անձի նկատմամբ: Էրդողանն այդ նկարում շաուրմա վաճառողի կերպարով է պատկերված` հսկայական դանակը ձեռքն առած կտրատում է շաուրման, որը Թուրքիայի դրոշի գույնով՝ կարմիրով է ներկված, վրան գրված՝ «Ժողովրդավարություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG