Մատչելիության հղումներ

2013-ին քրեակատարողական հիմնարկներում շոշափելի բարելավում չի եղել


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

2013 թվականին ևս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի զգալի բարելավում չի եղել:

Քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն երևույթները, ինչպես այսօր հայտարարեցին հասարակական կազմակերպություններից կազմված դիտորդական խմբի անդամները, շարունակում են լայնորեն տարածված մնալ:

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Լարիսա Մինասյանը նշեց, որ սա դիտորդական խմբի թվով 10-րդ զեկույցն է, սակայն այս տասնամյակի ընթացքում իրենց բարձրացրած հարցերից ոչ մեկը հիմնավոր լուծում չի ստացել․ - «Տասը տարին այն ժամանակն է, երբ անպատճառ պետք է անդրադարձ կատարվեր խորքային փոփոխությանը և սկզբունքային հարցերի լուծմանը»:

Զեկույցի մեջ մանրամասն ներկայացված են տարատեսակ խնդիրներ լուծելու համար քրեակատարողական հիմնարկներում ներքին կարգովսահմանված կաշառքների չափերը: Դրանք կազմվել են կալանավորված անձանց և դատապարտյալների անանուն հարցումների հիման վրա:

Օրինակ, բուժկետում գտնվելու համար դատապարտյալը կամ կալանավորված անձը ամսական վճարում է 50-60 հազար դրամ, բջջային հեռախոսըքրեակատռարողական հիմնարկ անցկացնելու համար՝ 5-10 հազար դրամ: Առանձին պետք է վճարել նաև հեռասոսը պահելու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, թե տպավորությունն է այնպիսին է, որ քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ ծառայությունը չի գործում․ - «Սահմանափակ տիրույթում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում չբացահայտել կոռուպցիոն նման դրսևորումները․․․ կա՛մ պետք է ենթադրել, որ այդ ծառայությունը գոյություն չունի, կա՛մ շատ էլ լավ տեղյակ է: Ես ավելի հակված եմ մտածել, որ շատ լավ տեղյակ է և լավ տիրապետում է, և աբսուրդ է, որ հենց այնպես Քրեակատարողական վարչությունը կամ Արդարադատության նախարարությունը մի ամբողջ օպերատիվ ծառայություն պահեր, երբ որ չունենար համապատասխան տեղեկատվություն, թե ինչ է կատարվում»:

Զեկույցում նաև նշված է, որ քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերծանրաբեռնված մնալ, շարունակվում են նաև դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական բռնությունները ինչպես աշխատակիցների, այնպես էլ այլ դատապարտյալների կողմից:

Միջանձնային հարաբերությունները քրեակատարողական հիմնարկներում, ըստ զեկույցի, հիմնականում կարգավորվում են չգրված քրեական օրենքներով և հսկվում են քրեական հեղինակությունների կողմից: Դատապարտյալներն ու կալանավորված անձինք այս մասին խոսում են միայն մասնավոր զրուցներում՝ վախենալով բողոք ներկայացնել: Որոշ դեպքերում էլ նրանց թուղթ չի տրամադրվում, կամ գրված բողոքը համապատասխան մարմիններին չի հասնում:

Քրեակատարողական վարչության իրավական բաժնի պետ Միքայել Զաքարյանը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքը․ - «Ես լսում էի, ու ինձ մոտ այն տպավորությունն է, թե մասսայական բոլորը անպայման տալիս են: Լավ կլիներ, որ նման հայտարարություն անելու դեպքում իրենք նաև պատասխանատվություն ունենային դա հիմնավորելու»:

Արդարադատության նախարար Հովյանաննես Մանուկյանը, մինչդեռ, չի մերժում թե՛ կոռուպցիայի առկայության, թե՛ գերծանրաբեռնվածության, թե՛ բուժծառայությունների անհասանելիության, թե՛ մի շարք այլ խնդրիրների մասին պնդումները: «Ազատության» հարցին ի պատասխան, նախարարն այսօր ասաց, թե դրանք ժառանգություն են ստացել խորհրդային շրջանից:

Մանուկյանը շարունակեց․ - «Եթե ես ասեմ, որ մենք ձերբազատվել ենք նման երևույթներից, բնականաբար, ես ճշմարտությունն ասած չեմ լինի, և դուք էլ չեք հավատա ինձ: Բայց միանշանակ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մենք փորձում ենք այդ համակարգի դեմ պայքարել, փորձում ենք այդ արատավոր երևույթները նվազեցնել կամ իսպառ վերացնել»:

Արթուր Սաքունցն ասում է, որ այս տարի առաջին անգամ Արդարադատության նախարարությունը ընդունում է, որ կան նման խնդիրներ, և դրանք լուծելու ցանկություն և պատրաստակամություն հայտնում: Իրավապաշտպանը, սակայն, կասկածներ ունի, թե նախարարության ջանքերն ու կարողությունները կբավարար կլինեն․ - «Քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե նախարարության մակարդակով, այլ շատ ավելի այլ մակարդակով՝ քաղաքական իշխանության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG