Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի սերտ դաշնակիցներ, Եվրասիական տնտեսական միության անդամներ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները Ուկրաինային աջակցություն, ինչպես նաև միջնորդություն են խոստանում Ռուսաստանի հետ խնդիրները կարգավորելու համար:

Այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժամանում է Կիև: Այցից առաջ Նազարբաևն ասել է, թե պատրաստ է անաչառ միջնորդություն ստանձնել օգնելու համար Ուկրաինայի արևելքում ճգնաժամի հաղթահարմանը, ու հավելել, որ Ղազախստանը երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ լավ հարաբերություններ ունի:

Նազարբաևը նաև վերահաստատել է Ուկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությանը պաշտպանելու մասին իր հայտարարությունը:

Իսկ կիրակի օրը Կիև էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:

«Եթե պետք լինի, ես Ձեզ դեռ այն ժամանակ եմ ասել, Պյոտր Ալեքսեևիչ, Բելառուսիցինչ-որ բանի կարիք լինի, ասեք: Մենք մի օրվա մեջ կանեք այն ամենը ինչ դու խնդրես», - բարեկամաբար «դու»-ի անցնելով, ասել է Լուկաշենկոն՝ դիմելով իր ուկրաինացի գործընկերոջը: Նա հավելել է, որ Բելառուսը միշտ արել է այն ամենը, ինչ խնդրել է Ուկրաինայի նախագահը:

«Եվ միշտ այդպես կլինի, որովհետև մեզ համար սա խաղ չէ, այլ որովհետև մենք հարևաններ ենք, կողք կողքի ենք ապրում, հարազատ մարդիկ ենք», - ասել է Լուկաշենկոն:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին հստակ դիրքորոշման համար, որը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը:

Պետրո Պորոշենկոն ասել է, թե շատ կարևոր է Բելառուսի՝ պարբերաբար արտահայտվող ամուր դիրքորոշումը , ներառյալ Ուկրաինայի արևելքում նոյեմբերի 2-ին անցկացված կեղծ ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ:

Վերլուծաբանների կարծիքով Լուկաշնեկոն հնարավոր է՝ վախ ունի, որ Բելառուսում կարող են կրկնվել ուկրաինական բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին Մոսկվայի սերտ դաշնակից, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչախմբի տապալմանը: Ուկրաինային օգնություն խոստացող Լուկաշենկոն միաժամանակ ակտիվ աջակցում է Ռուսաստանի հետ միություն ստեղծելու գործընթացներին:

Նշենք, որ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները Կիև են այցելում Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG