Մատչելիության հղումներ

Դատաբժիշկն ակտիվիստին ուղեգրել է նյարդաբանական հետազոտության։

Երկու օր առաջ անհայտ անձանց կոմղից հարձակման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այսօր դատաբժշկական փորձաքննություն անցավ: Ակտիվիստը պնդում է, որ ստացած հարվածներից հետո՝ մինչ օրս ցավեր ունի ձախ ուսի, թիակի ու պոչուկային հատվածում: Դատաբժիշկը Վաղինակին ուղեգրել է նյարդաբանական հետազոտության։

Իշխանություններին քննադատող և բողոքի բազմաթիվ ակցիաների մասնակից ակտիվիստը պնդում է, որ շաբաթ երեկոյան՝ աշխատանքից տուն վերադառնալիս, նրան են մոտեցել երկու անհայտ անձինք, գցել գետնին և մի քանի րոպե շարունակ հայհոյելով հարվածներ հասցրել։

«Ասելով՝ էդ երեկ դու էիր նախագահին քրֆում, այ թուլա, դե կեր։ Քաշեցին գցեցին անմիջապես գետնին, որ չահասցրեցի էլ ինչ-որ բան անեմ, ու սկսեցին գետնին ընկած տեղը մոտավորապես երկու րոպեի չափով հարվածել ոտքերով ու ձեռքերով։ Մեկի ոտքը բռնել էի, որ կարողանամ գոնե գետնից բարձրանամ, սակայն այդ ժամանակ շրթունքիս հարված ստացա ոտքով, ու երբ, որ իմ բղավոցներից խանութի դուռը բացվեց ու մարդիկ դուրս եկան, էդ երկու երիտասարդները փախան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշանյանը։

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը վերջին շաբաթներին անհայտ անձանց կոմղից բռնության ենթարկվածներից հինգերորդն է: Նախորդ շաբաթ Կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Վաղինակն անդրադարձել էր վերջին բռնություններին, ինչպես նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությանը, թե կկտրի նրա ականջը, ով իր ներկայությամբ կհայհոյի նախագահին։

«Ես չեմ հայհոյել նախագահին, եթե բոլոր լրատվականներում նայեք, կտեսնեք այնտեղ իմ խոսքը։ Ես ասում եմ՝ ես կհայհոյեմ նաև նախագահին էլ, Երանոսյանին էլ, թող գան կանգնեն դեմս ու ականջներս կտրեն։ Ես բառացի հայհոյանք չեմ հղել», - ասաց Շուշանյանը։

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս պահին միջադեպի շուրջ քննությունը շարունակվում է: Մեր հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունն առգրավել է դեպքի վայրի տեսախցիկները, ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը կարճ պատասխանեց՝ հետաքննությունը շարունակվում է:

Վաղինակ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի հավատում դատափորձաքննության անաչառ արդյունքներին. - «Չեմ հավատում և՛ դատաբժշկական փորձաքննությանը, չեմ հավատում նաև, որ ոստիկանությունը անաչառ կերպով կարողանա վերլուծություններ անել»։

Վերջին բռնություններից հետո մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակ են գրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային՝ կոչ անելով կասեցնել Հայաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական հատկացումները, քանի դեռ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը չի պատժվել իր հայտարարությունների համար, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ՝ պաշտոնանկ արվել:

Նամակի համահեղինակ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Լևոն Բարսեղյանը պնդեց՝ Եվրամիության տրամարդած գումարները իրականում նպաստում են ոչ թե ժողովրդավարության կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման համար։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG