Մատչելիության հղումներ

Իրան-Հայաստան երկաթգծի կառավարման առաջնային իրավունքը պատկանում է ռուսաստանյան ընկերությանը


Ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանն է պատկանում հայ-իրանական երկաթգծի կառավարման առաջնային իրավունքը՝ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը: 2008թ․ փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական և անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը:

«Իրան-Հայաստան նախագիծն ունի իր կոնցեսիոներին, որը, համաձայն Հայաստանի կառավարության և այդ կոնցեսիոների՝ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված պայմանագրի, պարտավորություններ ունի: Մենք այդ նախագծին կարող ենք մասնակցել երկաթգծի կառուցումից հետո: Համաձայնագիրը, որը «Հարավկովկասյան երկաթուղին» ստորագրել է «Ռոսիա ՖԶԷ» ընկերության ու Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության հետ, մեզ առաջնային իրավունք է տալիս հանդես գալ որպես այդ նոր կառուցված երկաթգծի օպերատոր, շահագործող կազմակերպություն»:

Միաժամանակ Ռեբեցը հավելեց, որ իրենք իրավական հիմքեր չունեն «Ռոսիա ՖԶԷ»-ից «վերցնելու նրանց աշխատանքը»:

«Թող կառուցեն, մենք կօգնենք», - եզրափակեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վերջերս «Ազատությանը» փոխանցեց, որ մի քանի ներդրողներ հետաքրքրված են հայ-իրանական երկաթգծով, որի կառուցման արժեքը այսօր գնահատվում է 3 միլիարդ դոլար, և որ «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը պարտավորվել է մինչև 2016-ի մարտ ներկայացնել «երկաթգծի կառուցման վերջնական նախագիծը»:

Բացի այդ, նոյեմբերին Երևանն ու Թեհրանը պայմանավորվեցին, որ Հայաստանում երկաթգծի շինարարության մեկնարկից հետո Իրանը 400 միլիոն դոլար է հատկացնելու՝ մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար:

Հատկանշական է, որ Իրանի հետ մեկ այլ մեծածավալ ծրագիր՝ հայ-իրանական գազմուղը, նույնպես ի վերջո հայտնվեց ռուսաստանյան ընկերության՝ «Գազպրոմի» վերահսկողության ներքո:

Վիկտոր Ռեբեցն անդրադարձավ նաև աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությանը․ - «Այո, իհարկե, մենք հույս ունենք, որ ջանքերը, որոնք ուղղված են Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկաթուղային ուղիղ կապի վերականգնմանը և որոնք վերջին շրջանում շատ ակտիվորեն գործադրվում են բոլոր կողմերից, կհանգեցնեն աբխազական երկաթուղու վերաբացմանը: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի ․․․ [դժվար է ասել], որովհետև այստեղ կազմակերպչական, քաղաքական հարցերից բացի, նախևառաջ անհրաժեշտ է, որ ղեկավարները քաղաքական կամք ցուցաբերեն»:

Ռեբեցը տեղեկացրեց, որ 2014-ի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.3 տոկոսով նվազել է բեռնափոխադրումների ծավալը և գլխավոր պատճառը արտահանումների ու ներքին բեռնափոխադրումների անկումն է:

Հայերենով հարցերը՝ ասուլիսի վերջում

Ի դեպ, ասուլիսի ընթացքում Ռեբեցի ռուսերեն խոսքը չէր թարգմանվում, և երբ վերջինիս հարցեր ուղղեցինք հայերենով, առաջին հարցին իր մամլո խոսնակի թարգմանության միջոցով պատասխանելուց հետո Ռեբեցը պահանջեց հարցերը հնչեցնել ռուսերենով, որպեսզի՝ «թարգմանության համար ժամանակ չծախսվի»: Հարցերը ռուսերենով ուղղելու՝ մեր մերժումից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարը պահանջեց հայերենով հարցերը հնչեցնել ասուլիսի վերջում:

XS
SM
MD
LG