Մատչելիության հղումներ

Երկու բանկերի ղեկավարներ հրաժարական են տվել


Այսօրվա դրությամբ ֆինանսական սպեկուլյացիաների իրականացման համար դեռևս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Արդեն մի քանի օր է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրածախ առևտրի խանութներում ստուգումներ է իրականացնում, արդյունքները ներկայացնում վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջին օրերի շեշտակի գնաճի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, տեղեկանք ներկայացնելը Վիճակագրական ծառայության գործն է, մրցակցային դաշտը կարգավորող հանձնաժողովը պետք է ոչ թե սոսկ ուսումնասիրի, այլ պատժի մեղավորներին։

«Պետք է ներկայացնել պահանջ, եթե պահանջը չի կատարվում, պետք է նոր պատասխանատվության ենթարկես. եթե պահանջ չկա ներկայացված, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պիպոյանը։

Պիպոյանի կարծիքով, առնվազն տարօրինակ է, որ գների նման շեշտակի տատանումներից հետո մինչ այսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Նրա խոսքով, պետական հանձնաժողովը նախ պետք է խոշոր խաղացողներից սկսի, նրանց պատասխանատվության ենթարկի և պահանջներ դնի։

«Բարձրացնում են, որովհետև ցանկանում են գումար աշխատել, որովհետև վստահ են, որ վերահսկողություն չկա, պատասխանատվություն կրելու խնդիր չկա։ Նման դեպքերում սկսում են խոշորից. խոշորում կարգավորում են, հետո փոքրը և միջինը բիզնես միջավայրում ադապտացվելու համար՝ շուկայական հարաբերություններով, ինքնակարգավորումով դաշտ է կարգավորվում։ Իսկ, երբ որ խոշորի հետ գործ չենք անում, խոշորն ինչ ուզում անում է, նույն անում է նաև փոքրն ու միջինը և ունենում ենք այն, ինչ ունեցանք օրեր առաջ», - ասաց Պիպոյանը։

Արդեն չորս օր է անցել Կենտրոնական բանկի նախագահի Արթուր Ջավադյանի այն հայտարարությունից, թե դրամը կտրուկ արժեզրկվեց նաև որոշ տնտեսվարողների իրականացրած սպեկուլյացիաներից հետո, բայց նաև այս ոլորտում որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

Կենտրոնական բանկի մամլո խոսնակ Մերի Շահինյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված 16 վարույթ է հարուցվել։ Ուսումնասիրվում է թե՛ բանկերի և թե՛ փոխանակման կետերի գործունեությունը։ Այլ մանրամասներ բանկից խոստացան փոխանցել վարույթի ավարտին։

Չնայած դեռ հայտնի չէ, թե հատկապես որ բանկերի գործունեությունն է ուսումնասիրվում, բայց արդեն երկու բանկերի ղեկավարներ սեփական դիմումի համաձայն հեռացել են պաշտոններից։

Դրանցից մեկը «Առեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանն է, ով ինչպես փոխանցեցին բանկից, դեռ ամիսներ առաջ է հրաժարականի դիմում ներկայացրել, սակայն պաշտոնից հեռացել է օրերս՝ անձնական պատճառներով։

Հրաժարական է ներկայացրել նաև «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը, կրկին սեփական դիմումի համաձայն և անձնական պատճառներով։

Այս հրաժարականներից որևէ մեկը պաշտոնապես չի կապվում բանկերի կողմից իրականացված չարաշահումների հետ, սակայն, դեռևս երկու շաբաթ առաջ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, խոսելով առևտրային բանկերի մասին, տեղեկացրել էր, որ նրանց պարզաբանումների համար մեկ շաբաթ ժամանակ է տրվել, որից հետո որոշումներ են կայացնելու։ Արթուր Ջավադյանը անսպասելի որոշումներ էր խոստացել, նույնիսկ՝ պաշտոններից հեռացում։

«Բանկերի մասում մենք ավելի խիստ պատժամիջոցներ ունենք: Կարող է նաև լինեն բանկի ղեկավարին արտոնագրից զրկելու որոշումներ», - հայտարարել էր Ջավադյանը:

XS
SM
MD
LG