Մատչելիության հղումներ

Հայաստանի հողերի մոտ մեկ երրորդն անմշակ է


Մրգաշատի բնակիչը ցույց է տալիս իր այգիները, արխիվ

Մրգաշատի բնակիչը ցույց է տալիս իր այգիները, արխիվ

Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի հողերի մոտ մեկ երրորդը գյուղացիները չեն մշակում տարբեր պատճառներով. չունեն փող, միջոցներ, ոռոգման ջուր, գործոններից մեկն էլ արտագաղթն է։

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները շարունակում են հայտարարել, թե ամեն ինչ անում են, որ գյուղացին չհեռանա հողից։ Ավելին, փոխնախարար Սամվել Գալստյանը, ամփոփելով անցնող տարին, «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ վերջին 4 տարիներին չմշակվող հողերի ծավալը 10 տոկոսով նվազեցրել են։ Պաշտոնյան նշում է, թե նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը՝ ավելացնել վարելահողերի թիվը, իրենք կատարել են:

«Եթե եկամուտ չստացավ, չի մշակելու։ Երկրորդը՝ շատ-շատ դեպքերում ոռոգվող հողերը չեն ոռոգվում: Երրորդը՝ մարդիկ տեղում չեն։ Այդ հողերը տրամադրել են․․․ Ես իմ հողը հատկացրել եմ ձեզ, դուք մշակում եք ընդամենը այնքանով, որքանով, էդ հողի հարկն էլ եք դուք տալիս: Որոշ խոշոր հողատարածք ունեցողները հողերը վերցրել են, ստացել են, չեն օգտագործում», - ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ երեք տարի առաջ հրավիրված խորհրդակցության ժամանակ գյուղատնտեսության զարգացումը համարել էր առաջնահերթություն։

Նրա այս մտահոգությունը, սակայն, անցած երեք տարիներին մասնավորապես Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի խնդիրներին լուծում չի տվել։ Բերքուբարիքով հարուստ այս գյուղում հողերի մոտ 20 տոկոսը շարունակում է չմշակվել ոռոգման ջրի պակասի պատճառով։

«Մեզ մոտ 150 հեկտար հող չի մշակվում էսօրվա դրությամբ, հիմնական պատճառը՝ ֆինանս և ջուր: Ջրօգտագործողների ընկերությունը գալիս մեզ ասում է՝ «մի՛ ցանեք, մենք ձեզ ջրով չենք կարող ապահովել», - ասաց գյուղացիներից մեկը:

Չնայած ոռոգման ջրի, ֆինանսական միջոցների սղության և բազմաթիվ այլ խնդիրների լուծման հարցում գյուղացիներն իրենց միայնակ են համարում, գյուղատնտեսության փոխնախարար Գալստյանն ասում է, թե անցած տարիներին տարբեր ծրագրեր են իրականացրել՝ նպաստելով գյուղմթերքի արտադրությանը։ Դրանց թվում նա նշում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, համեմատաբար էժան պարարտանյութերի, սերմացուների հատկացումը և այլն։ Դրանք, իր կարծիքով, բերել են վարելահողերի մշակման ծավալների ավելացման։

«Տասը մարդ էլ կարող է տուժած լինի, հիսուն մարդ, բայց երկրով մեկ քաղաքականություն է իրականացվում: Մենք փաստորեն սերմացուները հողօգտագործողին հատկացնում ենք բավականին մատչելի գներով», - նշեց Գալստյանը:

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, մինչդեռ, պաշտոնական թվերը համարում է նկարած։

«Ազատության» հետ զրույցում ներկայացնելով իր հաշվարկները՝ նա ասում է, որ իրականում անմշակ է վարելահողերի շուրջ կեսը, այլ ոչ թե 30 տոկոսը։ Բերբերյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականը լուրջ թերություններով է կատարվել, ընդգծելով, որ կառավարության ներկայիս քաղաքականությունը միտված չէ գյուղատնտեսության զարգացմանը։

«Այսինքն, ինչ, արդեն կառավարությունը թալանել է ժողովրդին տոկոսադրույքով, բանկերն էլ՝ մյուս կողմից: Դա ամենամեծ հարվածներից մեկն էր գյուղատնտեսությանը, որը բերեց էս վիճակին, այսինքն՝ մարդը գումար չուներ հող մշակեր, պարտքերն էր փակում», - նշեց Բերբերյանը։

Նրա տվյալներով, կառավարության ջանքերով դրական տեղաշարժ արձանագրվել է միայն կարտոֆիլի ու հացազգիների ցանքատարածությունների ավելացման գործում։ Մինչդեռ, ըստ մասնագետի, առավել կարևոր է բանջարաբուծության ու պտղաբուծության զարգացումը։ Այս ճյուղերը ավելի եկամտաբեր են ու ավելի կնպաստեն գյուղացիական տնտեսությունների զարգացմանը։ Իսկ դա իր հերթին կբերի աղքատության մակարդակի նվազմանը։

«Այսպես թե այնպես, պետությունը գումար է հատկացնում գյուղատնտեսության համար, բայց ովքե՞ր են ծախսում այդ գումարները։ Համոզված եմ՝ ո՛չ գյուղմթերք արտադրողները: Նրանց փոխարեն փորձում են նրանց գումարները, որ հատկացված է նրանց, փորձում են նրանց համար դիզվառելիք ձեռքբերել, պարարտանյութ, ինչի՞ համար», - ընդգծեց Ագրարագյուղացիական միության նախագահը:

Նշենք, որ վարչապետի հանձնարարականով այս տարի ստեղծվել է հանձնաժողով՝ պարզելու երկրի ամբողջ տարածքում ոռոգվող 27 հազար հեկտար հողերի չմշակման պատճառները։ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները նախատեսվում է վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա գարնանը։ Հանձնաժողովի անդամ, գյուղատնտեսության նախարարության պաշտոնյա Արթուր Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վերհանված խնդիրների շարքում առավել էական է համարվում ֆինանսական միջոցների սղությունը։

XS
SM
MD
LG