Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պաշտպանության նախարարի պնդմամբ, ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը արդեն իսկ տրվել է «անհամաչափ պատասխան»:

«Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- News.am գործակալության փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարն այսօր նաև հայտարարել է, որ ուղղաթիռի խոցման առնչությամբ ծառայողական քննությունն ավարտվել է, «հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը և իրավապահ մարմիններն աշխատում են»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից անցկացվող «Միասին-2014» զորավարժությունների ժամանակ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական կողմը ԼՂ ռազմաօդային ուժերին պատկանող «Մի-24» ուղղաթիռ էր խոցել, ուղղաթիռի անձնակազմը զոհվել էր: Միջադեպից հետո Օհանյանը, մասնավորապես, ասել էր․ - «Այդ լկտի գործողություններին համարժեք պատասխան, մի քիչ էլ ավելի անհամաչափ, անկասկած, տրվելու է»:

Նշենք, որ ուղղաթիռի խոցման միջադեպից 10 օր անց հայկական կողմը հայտարարեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ուղղաթիռի անկման վայրում հատուկ նշանակության գործողություն է իրականացրել, «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր», իսկ գործողության ընթացքում ադրբեջանական կողմից շարքից հանվել է երկու զինծառայող, Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Ըստ News.am գործակալության

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG