Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածյալին մեղադրանք է առաջադրվել


ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյան

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյան

Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման համար կասկածվող Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։

Նման արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

«Ազատությանը» Հայաստանի քննչական կոմիտեից փոխանցեցին, որ այս պահին քննություն է տարվում պարզելու, թե ինչպե՞ս է կասկածյալը հայտնվել դեպքի վայրում, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ։

Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ի երեկոյան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել։ Դեպքից հետո Հայ ազգային կոնգրես կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը «Ազատությանը» պատմել էր, որ գլխարկով անհայտ անձը, առանց որևէ խոսքի կամ բացատրություններ ներկայացնելու, հարվածներ էր հասցրել պատգամավորի դեմքին:

Արամ Մանուկյանին պատճառված մարմնական վնասվածքի աստիճանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության վերջնական գնահատականը հայտնի կլինի դեկտեմբերի վերջին։

Հայ ազգային կոնգրեսի իրավական համակարգող Արմեն Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Սվազյանի նկատմամբ մեղադրանքը պետք է առաջադրվեր առնվազն միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածով։

«Երբ կա տոմոգրաֆիական հետազոտություն, սարքի կողմից հայտնաբերված առողջական վիճակի քայքայում, մասնավորապես, ուղեղի ցնցում, և ակնհայտ է, որ դա բերելու է առողջության երկարատև քայքայմանը։ Ակնհայտ է, որ նախաքննական մարմինը չպետք է 117-րդ հոդվածով մեղադրանքը առաջադրեր։ Ակնհայտ է, որ պետք է առաջադրել 113-րդ հոդվածով»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

Արմեն Խաչատրյանը պնդում է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորի նկատմամբ բռնություն իրականացրած անձը մենակ չի գործել, և իրենք պատրաստվում են դատարանում միջնորդել, որ Սվազյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերավորակավորվի նաև այդ հիմքով։

«Մենք այդ պնդումները կանենք, որ ակնհայտ է՝ գործել է խումբ, որ սա եղել է նախապես կանխամտածված, դիտավորյալ կատարվող հանցագործություն։ Ակնհայտ է, այդ անձնավորությանը տեղեկացրել են, որ Արամ Մանուկյանը հասնում է տուն, նա մուտք է մտնում Արամ Մանուկյանի գալուց մոտ կես րոպե առաջ։ Նա չէր կարող հենց այնպես իմանալ, որ Արամ Մանուկյանը գալիս է»,- ասաց Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանի խոսքով, պատգամավորի վրա հարձակվել են հենց նրա քաղաքական հայացքների պատճառով, հետևաբար դա ևս պետք է հիմք լինի, որպեսզի կասկածյալի նկատմամբ մեղադրանքը փոխվի.- «Հակառակ դեպքում ստացվում է շատ վատ նախադեպ, որ ցանկացած պատգամավորի կարող է մեկը գնալ հարվածել, 200 հազար դրամ վճարել ու գործը դրանով վերջանա։ Ամբողջ խնդիրն այն է, որ պատգամավորը ելույթ ունենալուց առաջ պետք է մտածի՝ արժի՞ այս ելույթը ունենալ, թե շքամուտքում ինչ-որ մեկը կսպասի»։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է՝ «մեղադրանքը հաստատվելու դեպքում Սվազյանը շատ մեղմ պատժի կստանա»։ Իրավապաշտպանը համարում է, որ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակումը «Նախախորհրդարանի» անդամների դեմ բռնությունների շարունակությունն է։

«Ես կարծում եմ, որ սա ինչ-որ մի իշխանական խմբի որոշումն էր միանգամից կարճ հատվածում բռնություններ կիրառել, իրենց կարծիքով, իրենց վիրավորած ամենասուր ընդդիմադիրների նկատմամբ՝ պատժելու, վախեցնելու նպատակով»,- ասաց իրավապաշտպանը։

Քննչական կոմիտեից տեղեկացանք նաև, որ քրեական գործում որպես տուժող ներգրավված Արամ Մանուկյանը դեպքից օրեր անց հարցաքննվել է։ Պատգամավորը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է բժշկի հսկողության տակ և բուժումը կշարունակի տանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG