Մատչելիության հղումներ

Պետությունը գումար չի գտնում իրավախախտ անչափահասների վերականգնողական կենտրոնների համար


Վերականգնողական կենտրոնների գործունեության համար տարեկան մոտ 3 միլիոն դրամ է պահանջվում։

Հայաստանի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, անցնող տարվա ընթացքում հանրապետությունում ձերբակալվել է 35 անչափահաս։ Նրանցից 22-ն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկներ։

Թեթև հանցագործություն կատարած անչափահասներին նախկինում վերականգնողական կենտրոն էին ուղարկում, սակայն տարեսկզբից այս կենտրոնների մեծ մասն այլևս չի գործում, քանի որ ավարտվել է դրանց միջազգային ֆինանսավորման ծրագիրը։

Պետությունը այդ կենտրոնները նորից գործարկելու համար միջոցներ չի գտնում։ Ինքնաֆինանսավորմամբ գործում են միայն Կապանի և Ճամբարակի հաստատությունները։ Մի նման կենտրոն էլ Երևանում է աշխատում՝ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Վերականգնողական կենտրոնների գործունեության համար տարեկան մոտ 3 միլիոն դրամ է պահանջվում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկում անչափահասին պահելը շատ ավելի ծախսատար է։

«Նման կենտրոնների պարագայում պետությունը և շատ քիչ նյութական, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ է ծախսում և բավական շահում է, եթե պրագմատիկ տեսանկյունից և օրենքի գերակայության տեսակետից նայենք։ Բայց եթե նպատակ է դրվում միայն ազատազրկելը, դա շատ ծախսատար պրոցես է։ Դու փոխանակ օգնես, որ մարդը ազատության մեջ ուղղվի, դեմքը փրկելու շանս տաս իրեն... այդ կենտրոնները շատ կարևոր են»,- ասում է Սաքունցը։

Նախկինում նման 11 կենտրոն էր գործում Հայաստանի բոլոր մարզերում, բացի Վայոց ձորից։ Երեխաներն այդ հաստատություններ էին այցելում կամավորության սկզբունքով։ Խնդիր էր դրված ոչ թե պատժել, այլ հասկանալ, թե ինչու է երեխան հանցանք կատարել։

Թեմիկ Խալափյանը իրավախախտ երեխաների հետ աշխատում է արդեն 12 տարի և Աբովյան քրեակատարողական հիմնարկում նրանց խեցեգործություն ու փայտի փորագրություն է սովորեցնում։ Նա կարծում է, որ մանկավարժները հանցանք կատարած երեխաներին ավելի շատ կարող են օգնել, քան ոստիկանները։

«Հենց առաջին ամիսներից ես հասկացա, որ անչափահասին պետք չէ ազատազրկել։ Ես այս խնդիրը դրել եմ միշտ կառավարության և նախարարությունների առաջ, որպեսզի ստեղծվի հատուկ վերականգնողական կենտրոն։ Վերականգնողական կենտրոնը շատ անհրաժեշտ է, գիտեք նաև ոստիկանության հսկողության տակ էլ կան երեխաներ, որոնք որ չեն ազատազրկվում, իհարկե, բայց նրանց հսկողության տակ են, նրանց էլ կարելի էր ընդգրկել»,- ասում է Խալափյանը։

«Ոստիկանությունը տեղում հանգիստ նստած չէ և փորձում է այնպես անել, որ եղած կենտրոնները գործեն, փակվածներն էլ վերաբացվեն»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

Նրա կարծիքով, քանի որ կենտրոնները գործում են համայնքներում, ապա ճիշտ կլինի, որ ֆինանսավորվեն նրանց կողմից, ինչպես, օրինակ, Կապանի դեպքում է։ Նելլի Դուրյանն անձամբ այցելել է մարզեր ու համայնքի ղեկավարներին բացատրել այսպիսի կենտրոնների կարևորությունը։

«Մենք առաջարկությամբ հանդես եկանք, որպեսզի սա քննարկվեր մարզպետերի հետ, նաև Կապանի օրինակը վերցնելով որպես նախադեպ, և մյուս մարզերում, մյուս համայնքներում էլ նման կենտրոնները ֆինանսավորվեն։ Ի վերջո, ի վերջո դա համայնքի համար է, համայնքում առողջ երեխաներ ունենալու համար է»,- ասաց Դուրյանը։

Իսկ թե որքանով համայնքները կհամաձայնեն իրենց վրա վերցնել այսպիսի ֆինանսական պատասխանատվություն, Դուրյանը չի կարող ասել։ Հարցը դեռ քննարկման փուլում է։ Առաջարկին դեռ միայն Աբովյանի քաղաքապետարանն է արձագանքել և խոստացել գումար տրամադրել։ Այնտեղ իրավախախտ անչափահասների վերականգնողական կենտրոնը կգործի հունվարի 1-ից։

XS
SM
MD
LG