Մատչելիության հղումներ

Յոթ տարի է անցել այն օրից, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին Մադրիդյան սկզբունքները։

Վաշինգտոնի Քարնեգիի հաստատությունում այս հարցերի շուրջ անցկացվեցին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Մադրիդյան սկզբունքների ապագան» խորագրով քննարկումներ։

«Միջազգային ամեն մի անլուծելի թվացող հարց ունի ինչ-որ ժամանակ լուծում ստանալու հնարավորություն»,- Քարնեգիի հաստատությունում անցկացված քննարկմանը ասաց հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը՝ բերելով Կուբայի հետ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները ավելի քան 50 տարի անց վերականգնելու օրինակը։ Սակայն այսօր, ասաց նա, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լի է սադրանքներով։

«Հաշտեցման աղբյուրներ» կազմակերպության կովկասյան ծրագրերի ղեկավար Զիգֆրիդ Վոբերի խոսքերով, խաղաղությունն այսօր շատ ավելի խոցելի է, քան անցած երկու տասնամյակների ընթացքում որևէ ժամանակ։ Նույն հաստատության վերլուծաբաններից Լորենս Բրոերսը հիշեցրեց, որ ժամանակին հայկական կողմը դեմ էր խնդրի կարգավորման փուլային տարբերակին, Ադրբեջանը՝ փաթեթայինին։ Ադրբեջանցի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովի կարծիքով էլ, Մարդրիդյան սկզբունքներն այդ երկուսի միջինն է։ «Այս առումով էլ այն ընդունելի պիտի լինի երկու կողմերի համար», - ասաց նա։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարող հաշտվել, քանի դեռ չեն հաշտվում այդ երկրների ժողովուրդները։ Հաշտվելու համար հարկավոր են զուգահեռ ջանքեր։ Անցած հարյուրամյակների ընթացքում այս ժողովուրդներն ապրել են կողք կողքի, սակայն այսօր հայ չկա Ադրբեջանում և ոչ էլ ադրբեջանցի՝ Հայաստանում։ Խնդիրը լուծելու համար նախ հարկավոր է վերացնել իրար մերժելու այս տրամադրվածությունը»,- ասում է Հուսեյնովը։

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսեց այն մասին, որ Մադրիդյան սկզբունքներն ավելի ընդունելի են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, քան Ադրբեջանի համար, քանի որ այնտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը ազատ արտահայտման եղանակով որոշելու մասին։ Չնայած, ասում է նա, որոշ կետեր չեն կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, ինչպես, օրինակ, ղարաբաղյան ուժերի հետ քաշելու մասին կետը։

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն որոշ տարածքների հանձնումը կդառնա Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական գոյության ու անվտանգության նկատմամբ սպառնալիք, և կխախտի ներկա խաղաղ իրավիճակի համար գլխավոր գործոն հանդիսացող ուժերի հավասարակշռությունը, երբ Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական եղանակով լուծելու իր նկրտումները։

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին դուր չեկան ո՛չ Մասիս Մաիլյանի, ո՛չ Սերգեյ Մինասյանի և ո՛չ էլ Թաբիբ Հուսեյնովի զեկույցները։ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին նա անվանեց «գրավյալ տարածքների վրա հաստատված քրեական վարչակարգ», իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ «այսպես կոչված»։ Նա մեղադրեց Թաբիբ Հուսեյնովին՝ իր ելույթում Շուշիի մասին որևէ ակնարկ չանելու համար, «երբ հենց ինքը սերում է այդ քաղաքից»։

Վաշինգտոնում Հայաստանի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրաչյա Թաշչյանը ի պատասխան հարցրեց՝ խորհրդային տոտալիտարիզմի դեմ ազատության դրոշ բարձրացրած, ժողովրդավարական սկզբունքներով նախագահ ու խորհրդարան ընտրած, ծաղկուն քաղաքացիական հասարակություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ինչպե՞ս կարող է խնդիրը լուծելու նպատակով կանգնել արժեքների այն նույն մակարդակի վրա, որտեղ գտնվում է լիովին տոտալիտար սկզբունքներով գործող ադրբեջանական վարչակարգը։

Ադրբեջանական կողմից չստացվեց այն հարցի պատասխանը նաև, թե ինչպես կարելի է վստահել Ադրբեջանի իշխանություններին, երբ, ոտնահարելով միջազգային օրենքները, այն հրաժարվեց հանձնել խոցված ուղղաթռի զոհված օդաչուների մարմինները։

Թոմ դը Վաալի խոսքերով, նման քննարկումները շատ մեծ դեր ունեն կողմերի տեսակետները լսելի դարձնելու և միմյանց հետ շփվելու համար։ Սակայն այն, որ Ադրբեջանում բանտ են նստեցնում հայանպաստ գործունեություն ծավալող մարդիկ, ինչպես, օրինակ, Արիֆ Յունուսը, շատ մտահոգիչ է։

«Ռազմական լայնածավալ գործողություններ սկսվելու հավանականություն միշտ էլ կա»,- ասում է Թոմ դը Վաալը՝ մատնանշելով այն փաստը, որ հրադադարի հաստատումից հետո 2Օ14 թվականը բռնությունների թվով ամենավատ տարին էր։

Վերլուծաբանի կարծիքով՝ «մեծ է նման դեպքերի ավելի տարածման հավանականությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG