Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է ջանք ու փող չխնայել իր քարոզչության համար նոր լոբբիստներ ներգրավելու վրա։

Պաշտոնին հրաժեշտ տվող ԱՄՆ-ի Վիրջինա նահանգի սենատոր Ջիմ Մորանը բանակցություններ է վարում՝ Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու շուրջ։ Դեմոկրատ Մորանը պատրաստվում է համագործակցել վերջին տարիներին Վաշինգտոնում գործունեությունն ընդլայնող և պետական SOCAR նավթային ընկերությունից ֆինանսավորվող Ադրբեջանի բարեկամների ասամբլեայի հետ։

Ամերիկացի օրենսդիրը Սենատի էթիկայի հանձնաժողովին արդեն իսկ տեղեկացրել է իր ծրագրերի մասին։ Մորանը ընդգրկված է նաև Կոնգրեսի Ադրբեջանի բարեկամների խմբում։

Sunlight ոչ կառավարական հիմնադրամի ձևակերպմամբ՝ ամերիկացի սենատորը պատրաստվում է պաշտպանել մի երկրի շահերը, որի իշխանությունները պարբերաբար մեղադրվում են մարդու իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում, հետաքննող լրագրողներին բանտարկելու մեջ։

Ադրբեջանի բարեկամների ասամբլեայի խմբի կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, իրենց գործողություններն ուղղված են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության ամրապնդմանը։

Անցած տարվա փետրվար ամսին խումբը, համագործակցելով Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատան հետ, Կապիտոլիումում ղարաբաղյան պատերազմի ժամանակ 160 ադրբեջանցիների կյանք խլած՝ այսպես կոչված Խոջալուի դեպքերի տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Ադրբեջանի բարեկամների ասամբլեայի հաղորդման համաձայն, Կոնգրեսի և Սենատի ավելի քան քսան անդամներ, ներառյալ՝ Մորանը, ներկա են գտնվել այդ միջոցառմանը:

Հյուսթոնում գործող Ադրբեջանի բարեկամների ասամբլեան գրանցված չէ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունում, բայց պատրաստվում է՝ կտեղափոխվեն Վաշինգտոն և կգրանցվեն, ասել է խմբի ղեկավար Քեմալ Օքյուզը։

Houston Chronicle թերթի հրապարակման համաձայն, այդ կառույցը գործում է որպես SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության հանրային կապերի գրասենյակ Միացյալ Նահանգներում:

The Washington Business Journal-ի վերջին հրապարակման համաձայն՝ SOCAR America-ն նոր շենք է ձեռք բերել, պատրաստվում է ընդլայնել գործունեությունն ու ազդեցությունը Միացյալ Նահանգներում։

Sunlight ոչ կառավարական հիմնադրամի ձևակերպմամբ, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի վարկանիշը բարձր չէ։

Ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները՝ ներառյալ Human Rights Watch-ը, բարձրաձայնել են Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին՝ վկայակոչելով «Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած կոշտ քայլերը մարդու իրավունքների հարցերով զբաղվողների և կառավարության քննադատների հանդեպ»։

Դեկտեմբերի 5-ին՝ կոնգրեսական Մորանի հայտարարության նախորդ օրը, Ադրբեջանում ձերբակալվեց ամերիկյան Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան։

Sunlight-ի ուսումնասիրությունները փաստել են, որ 2013 թվականին Ադրբեջանը Միացյալ Նահանգներում իր շահերն առաջ մղելու վրա մոտ 2.3 միլիոն դոլար է ծախսել։

XS
SM
MD
LG