Մատչելիության հղումներ

logo-print

Որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ Պուտինը երեկ ասուլիսին միտումնավոր մոռացավ հիշատակել Հայաստանում ռուսական ռազմակայանը։

Ռուսաստանի նախագահի երեկվա ասուլիսը փորձագետ Հովհաննես Իգիթյանին հիշեցրել է խորհդային տարիներն ու արևմուտքի հետ տարաձայնությունները։

«Հիշեցի իմ երիտասարդությունը, երբ որ ես լսում էի 25-րդ համագումարը, երբ ասում էին, որ միջազգային իմպերիալիզմը գիշերները չի քնում, մտածում է, թե ԽՍՀՄ-ին ինչպես պետք է վերացնեն», - ասաց Իգիթյանը:

Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը Պուտինի ասուլիսը լսելիս ասոցիացիաներ չի ունեցել, բայց մեծ բավականաություն է ստացել, «որովհետև մեսիջները շատ հստակ են, դա կայացած խարիզմատիկ քաղաքական գործչի ասուլիս է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ոչ թե հաճույքով, այլ ուշադրությամբ է հետևել Վլադիմիր Վլադիմիրովիչի ասուլիսին, թե ինչու՝ բացատրում է։

«Խոսում է տարածաշրջանում և աշխարհում գուցե ամենամեծ երկիրը, և դրա հետ միասին խոսում է մի երկիր, ում միգուցե տնտեսական վատ վիճակի պատճառով նաև մեծ ազդեցություն է ունենալու սեփական երկրի վրա և բնականաբար, պետք է հասկանանք, թե ինչ է ասում», - ասում է Պողոսյանը:

Ռուսաստանի նախագահը երեկ ասուլիսին շատ կարևորեց ռուս-թուրքական հարաբերությունները՝ նշելով, թե այսօր առանց Թուրքիայի հնարավոր չէ կարգավորել տարածաշրջանային խնդիրները:

Պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով Հայաստանը պետք է փորձի օգուտներ քաղել ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերություններից։

«Մեր խնդիրները ոչ թե պետք է բխեն, ոչ թե՝ ինչու են իրենք իրար հետ լավ, այլ թե՝ ինչ դերակատարում մենք պետք է վերցնենք, որ հանկարծ այդ հարաբերությունների մեջ չտուժենք, այլ հակառակը՝ շահենք», - նշեց պատգամավորը:

Միջազգային մեկուսացումից դուրս գալու Պուտինի հույսը Թուրքիան է, նկատում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

«Կարծեմ մի տեղ ես արդեն կարդացել եմ դա, որ շատ նման է այն Լենին-Աթաթուրք խաղին, որը հիմա իրականացնում են Պուտինն ու Էրդողանը», - ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա, չի բացառվում, որ Ռուսաստանի նախագահը միտումնավոր մոռացավ երեկ ասուլիսին հիշատակել նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին։

Հիշեցնենք, նա երեկ, խոսելով, արտասահմանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների մասին, նշեց, թե ունեն երկու ռազմակայան Տաջիկստանում և Ղրղըզստանում՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանվ մոռացության մատնելով։

«Պուտինը հատուկ խուսափում է Հայաստանի մասին խոսելուց, որովհետև այսօր իր վեկտորը ուղղված է Թուրքիային, և սրանով երևի թե Պուտինը խուսափում է Հայաստանի արժեքն ու կարևորությունը նշել, որովհետև այո, այսօր իր միակ հույսը միջազգային ասպարեզ դուրս գալու և մեկուսացումից խուսափելու, դա Թուրքիան է»:

XS
SM
MD
LG