Մատչելիության հղումներ

Ռուբլու արժեզրկումն ազդում է ֆուտբոլիստների աշխատավարձի վրա


Հայաստան – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը (աջից) գոլ է խփում Բուլղարիայի հետ խաղում, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․
Հայաստան – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը (աջից) գոլ է խփում Բուլղարիայի հետ խաղում, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․

Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կցանկանար ուժեղացնել թիմը, սակայն ռուբլու արժեզրկման հետևանքով հույս չունի, որ ակումբը կկարողնա նոր խաղացողներ ձեռք բերել։

«Եվրոպացի ֆուտբոլիստներն արդեն թանկ են Ռուսաստանի համար: Նման իրավիճակը կպահպանվի մինչև խնդիրները չկարգավորվեն, քանի որ այժմ ռուսական ակումբները ստիպված են օտարերկրացի խաղացողներին վճարել գրեթե կրկնակի», - գրում է Blick.ch կայքը:

Հիշեցնենք՝ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում էին ընդգրկված դեռևս դեկտեմբերի սկզբին։ Sports.ru կայքի կազմած ամենամյա ցուցակում Մոսկվայի «Սպարտակի» հայ ֆուտբոլիստները 34-րդ և 35-րդ տեղերում էին՝ երկուսն էլ ստանում են շուրջ 2 միլիոն եվրո աշխատավարձ: Կայքի հաղորդմամբ Ռուսաստանում արդեն իսկ սեղմվել է մարզական բյուջեն, ինչպես նաև ֆուտբոլիստների աշխատավարձը։ Այս առումով ռուսական ակումբները ոչ միայն խնդիր կունենան նոր համալրումներ կատարելու, այլև եղած ֆուտբոլիստներին պահելու տեսանկյունից։

«Սպարտակը» հետաքրքրված է «Չելսիի» ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահի ծառայություններով, սակայն խնդիրն այն է, թե որքանով է եգիպտացին ցանկանում կարիերան շարունակել Ռուսաստանում»,- ասել է «Սպարտակի» գլխավոր մարզիչը։

Նշենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը կբացվի հունվարին, սակայն արդեն իսկ ոչ պաշտոնական տեղեկություններ կան այն մասին, որ «Սպարտակի» կազմում հանդես եկող հայ ֆուտբոլիստները կարող են տեղափոխվել Եվրոպա: Այս առումով ամենաշատ քննարկվողը Յուրա Մովսիսյանի՝ Գերմանիա՝ Բունդեսլիգա տեղափոխվելու հնարավորությունն է։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG