Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն:

Ռիշարդ Չարնեցկին, նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի ընթացքում նշել է, որ իր երկիրը (Լեհաստանը) շատ լավ է պատկերացնում և հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը:

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը և Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Նախագահ Սերժ Սարգսյանը Չարնեցկուն ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ջանքերն ու առկա խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG