Մատչելիության հղումներ

Ցույց Կառավարության շենքի մոտ. քաղաքացիները գների իջեցում են պահանջում


Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ ընդդեմ թանկացումների, արխիվ

Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ ընդդեմ թանկացումների, արխիվ

Ըստ ցուցարարների, վարչապետի՝ խանութներ կատարած այցից հետո գներն ընդամենը մի քանի ժամով են իջել։

Կառավարության շենքի դիմաց այսօր 100-ից ավելի քաղաքացիներ պահանջում էին իջեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները և դրանք բերել մինչճգնաժամային մակարդակի։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ Երևանի խանութներում կատարած շրջայցից հետո, ըստ բողոքի ցույցի մասնակիցների, ապրանքների գներն ընդամենը մի քանի ժամով են իջել։

«Այն խանութում, որտեղ երեկ վարչապետն այցելեց, շաքարավազի կիլոգրամը միանգամից դարձավ 480 դրամ, իրա այդ այցից մոտավորապես երկու ժամ հետո շաքարավազի կիլոգրամը նորից դարձավ 900 դրամ, ձվի գինը փոխվում՝ 75 դրամ է դառնում իրա մուտքի ժամանակ, ինքը դուրս է գալիս, առնվազն կես ժամ հետո, էդ ձուն նորից դառնում է 140 դրամ՝ այսինքն կրկնակի թանկանում է», - ասաց ցուցարարներից մեկը։

Եթե Կառավարությունը գների իջեցման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկելու, ապա քաղաքացիները պահանջում են գոնե բարձրացնել աշխատավարձերը և թոշակները, նրանց խոսքով, ներկա պայմաններում նախկին աշխատավարձով ապրել այլևս հնարավոր չէ։

«Ի՞նչ է նշանակում 1200 դրամով ձեթ գնել։ Մոտենում ես կասսային հինգ րոպե հետո նոր գնապիտակներ են խփում, սա խուժան իշխանություն ա», - հայտարարեց ցուցարարներից մեկը։

Պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները խոստանում են բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։

Կառավարությունից որևէ մեկը չեկավ հանդիպելու ցույցի մասնակիցներին, փոխարենը բոլորի համար անսպասելի Կառավարության շենքից դուրս եկավ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա իր մեքենային մոտեցավ բողոքի ցույցի մասնակիցների «ամոթ» բղավոցների ներքո, իսկ հարցին, թե արդյո՞ք հիմնավորված է համարում շաքարավազի գնի բարձրացումը, գործարարը խուսափեց պատասխանել։

Թե ինչո՞ւ էր գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել Կառավարություն, մեզ պարզել չհաջողվեց։ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ վարչապետի և Սամվել Ալեքսանյանի միջև հնարավոր հանդիպման մասին ինքը տեղեկություն չունի։

Դրանից մի քանի ժամ անց, սակայն, գործարար-պատգամավորի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում արձանագրեցինք, որ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գնապիտակները փոխում են։ Աշխատակիցներից մեկը ասաց, որ իջեցնում են գները։

Մեր այցելության պահին շաքարավազի մեկ կիլոգրամը 385 դրամ էր։ Քաղաքացիների խոսքով, իջեցումների մասին պաշտոնյաների հայտարարություններից հետո իրենք սպասում էին, որ գները կգան նախկին մակարդակին, մինչդեռ, օրինակ, նույն շաքարավազը նախկին գնի համեմատ շարունակում է բարձր մնալ։

«Շաքարը բարձրացրեցին, 340 դրամ էր, հաջորդ օրը դարձրեցրին 360 դրամ, իսկ մյուս օրը դարձրեցին 600 դրամ, հիմա 600 դրամից իջել է 400 դրամ՝ այսինքն 60 դրամ արդեն ավելացել է, որ հետո ասեն՝ տեսեք, մենք գների իջեցում կատարեցինք», - «Ազատության» հետ զրույցում փաստեց սուպերմարկետ այցելած հաճախորդներից մեկը։

Մայրաքաղաքի խանութներից մեկի մենեջերը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գների էական փոփոխություն իրենց մոտ չի եղել, սակայն այնտեղ ապրանքատեսակ կար, որը մոտ 400 դրամով էր թանկացել։

«Հացը թանկացել է 30 դրամով, կաթնամթերքը՝ 20, միսն ու երշիկեղեն է թանկացել, կան ֆիրմաներ, որ ապրանք չեն տալիս դոլարի բարձրացման հետ կապված չեն աշխատում ու հարց է մենք ապրանք կստանանք, թե չէ։ Գնային նոր փոփողություներ չեն եղել։ Բողոքներ հաճախորդների կողմից շատ են, հաճախորդներ կան, որ ապրանքը բերում են կասսա ու կասսայից նորից հետ է գալիս, քանի որ թանկացել է», - ասաց մենեջերը։

Մայրաքաղաքից դուրս թանկացումներն ավելի ակնհայտ են։ Կապանում օրինակ, մարդիկ պարզապես խուսափում են խանութ մտնել. 850 դրամ արժողությամբ հնդկաձավարն ու ոսպը այստեղ 1000 դրամով են վաճառում, հացն էլ մոտ 40 դրամով թանկացել է, որպես այլընտրանք կապանցիներին առաջարկում են նախկին գնով, բայց ավելի քիչ քաշ ունեցող հաց գնել։

«Գները քանի գնում բարձրանում է, բա թոշակառուն ո՞նց ապրի, ինչո՞վ ապրի», - ասաց կապանցիներից մեկը։

Ի դեպ, երեկվա համեմատ դրամն այսօր արժեվորվել է՝ այս պահին մեկ դոլարը արժե միջինում 470 դրամ։

XS
SM
MD
LG