Մատչելիության հղումներ

Ալես Բելյացկին հորդորում է ԵՏՄ-ից փախչել հնարավորինս շուտ


Չորեքշաբթի Չեխիայի թավշյա հեղափոխության առաջնորդ և առաջին նախագահ Վացլավ Հավելի մահված երրորդ տարելիցի օրը Չեխիայի արտաքին գործերի նախարարությունում «Մարդու իրավունքները 21-րդ դարում» խորագրով համաժողովին մասնակցում էին միջազգային հանրահայտ իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարական զարգացման պահանջներ հնչեցնող հաստատությունների ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Իրավունքների նվաճման հարցում մեծ հեղինակություն վայելող Հավելին նվիրված համաժողովին ժամեր շարունակ անդրադարձ եղավ Ռուսաստանի ժողովրդավարական չափանիշներին, Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին, Բելառուսում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետևողական հետապնդումների հարցին, աշխարհի տարբեր անկյուններում իրավախախտումների պատճառներին:

Համաժողովին մասնակցում էին նաև ժողովրդավարության համար պայքարի ճանապարհին բռնատիրական հետապնդումների արժանացած իրավապաշտպաններ:

Բելառուսում իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վեսնա» հասարակական կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկին, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան Եվրասիական տնտեսական միությունում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ասաց․- «Այն, որ Հայաստանի կառավարությունը որոշեց անդամակցել ԵՏՄ-ին՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությունից, իմ կարծիքով, անհեռանկարային որոշում է: Դա այսօրվա որոշումն է, դա իրավիճակային որոշում է: Եվ կարող է ապագայում առաջացնել անհարմարություններ: Ինչո՞ւ, որովհետև նման անկանխատեսելի երկրի հետ հարաբերության պատմությունը, ինչպիսին Ռուսաստանն է, ցույց է տալիս, որ բոլոր ընկերական կապերն ավարտվում են անհասկանալի է, թե ինչով»:

Իրավապաշտպան գործունեության հետևանքով բելառուսական իշխանությունների հետապնդումներին արժանացած, միջազգային կազմակերպությունների պնդումներով՝ հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքով 4.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վեսնա»-ի ղեկավարն իր խոսքի շեշտադրումները չի փոխել անգամ ազատազրկումից հետո:

«Խղճի գերի» ճանաչված և այս տարվա ամռանը կալանքից ազատվելուց հետո էլ իրավապաշտպան գործունեությունը շարունակող Ալես Բելյացկին, հետխորհրդային տարածքում ժողովրդավարությունը ճնշելու փորձերին անդրադառնալով, ասաց.- «Կա շատ լավ պատմություն, ռուսական կայսրության պատմությունը, Խորհրդային միության պատմությունը: Ի վերջո, կարելի է սեփական պատմությունից սովորել՝ ում հետ բարեկամություն անել, ում հետ՝ ոչ»:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Բելառուսում ավելի քան 4 տարվա ազդեցությունն իրավական հարթությունում գնահատելով՝ Բելյացկին ուշադրություն հրավիրեց այդ միության նախաձեռնող երկրում՝ Ռուսաստանում տիրող իրավիճակին:

«Ինչպիսի՞ն պիտի լինեն մարդու իրավունքների չափանիշներն այսօրվա Ռուսաստանում, եթե տասնյակ հասարակական կազմակերպություններ են փակվում, փակվում են թերթեր, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվիստները հայտնվում են բանտում կամ պարզապես պետք է լքեն երկիրը»,- ասաց իրավապաշտպանը:

Իրավապաշտպանը ԵՏՄ անդամ երկրների հարաբերությունները ներկայացրեց որպես Ռուսաստանի և «մի քանի մանր արբանյակ-երկրների» առնչություն: Ըստ հանրահայտ իրավապաշտպանի՝ Ռուսաստանի և ԵՏՄ անդամ երկրների հարաբերությունները բացառապես տնտեսական և ռազմական հարթությունում են: «Մարդու իրավունքների մասին խոսակցություն այնտեղ ընդհանրապես տեղի չի ունենում: Եվ դա մեր քաղաքացիական հասարակությունների համար լուրջ խնդիր է»,- գնահատեց նա:

«Ումի՞ց ենք մենք պատրաստվում սովորել և ի՞նչ էներգիա, զգայական ալիք ենք մենք ստանում այսօրվա Ռուսաստանից»,- հարցրեց Ալես Բելյացկին և բնորոշեց.- «Ռուսաստանն ինքն իրեն պետք է փոխի, նրա վրա պետք է ազդեցություն ունենալ, բայց ստացվում է հակառակը, որ Ռուսաստանըպետք է ազդի մեր երկրների վրա տնտեսական և աշխարհաքաղաքական գործիքների միջոցով»:

«Բելառուսը Հայաստանի նման գտնվում է, այսպես ասած, քաղաքակրթության բեկման պայմաններում: Մենք մեծ պետություն չենք, և ի վերջո մենք պետք է ամեն դեպքում ընտրենք՝ ում հետ ենք մենք: Եվ ընտրությունը շատ պարզ է: Կամ մենք պետք է լինենք Ռուսաստանի վեց գավառներից, կամ էլ պետք է լինենք նորմալ եվրոպական երկիր, որտեղ ապրում է եվրոպական ժողովուրդների ընտանիքը: Եվ դրա համար, ես կարծում եմ՝ Բելառուսը վերջիվերջո կկողմնորոշվի, և ես ուզում եմ, իհարկե, որ ճիշտ ընտրություն կատարեն»:

Իսկ ի՞նչ կարող են անել իրավապաշտպանները ռուսական կացութաձևի չափանիշներով առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությունում: Իրավունքների նվաճման հարցում Եվրասիական տնտեսական միությունում երբևիցե հնարավոր կլինի՞ արդյոք հասնել արդյունքի, եթե իրավապաշտպաններն ամեն ինչ անեն: «Ես կարծում եմ՝ ոչ: Որովհետև այդ միությունում բռնատիրական երկրներ են, այնտեղ անելիք չունեն նորմալ, ժողովրդավարական երկրները, այնտեղից պետք է փախչել, որքան հնարավոր է շուտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG