Մատչելիության հղումներ

Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբանը՝ Ռուբեն Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց, որ Եվտուշենկովի ազատ արձակմանը կհետևեն դրական զարգացումներ նաև իր պաշտպանյալի գործով:

«Մենք բողոքարկել ենք տնային կալանքի մասին որոշումը դեռ վաղուց, բայց որոշում դեռ չկա: Եվտուշենկովի որոշումից հետո մենք լիահույս ենք, լավ են տրամադրված, հասկանում ենք, որ հերթը նաև Հայրապետյանին կհասնի», - մեզ հետ զրույցում ասաց Մարգարյանը, ով Վերաքննիչ դատարան է դիմել՝ Հայրապետյանի տնային կալանքը մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը երկարաձգելու՝ Բասմանի դատարանի որոշումը բողոքարկելու համար:

Ռուսաստանի իշխանությունները երեկ են տնային կալանքից ազատել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Եվտուշենկովին, ում նկատմամբ տնային կալանք էր սահմանվել սեպտեմբերին։ Եվտուշենկովը Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` АФК Система-ի հիմնադիր ղեկավարն է, որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, որի շրջանակներում մի քանի ամիս անազատության մեջ մնաց, հետո տնային կալանքի ենթարկվեց նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։

Խոսքը 2009 թվականին Башнефть նավթային ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի ընթացքում АФК Система-ի կողմից իբր թույլ տրված չարաշահումների մասին է, որոնց արդյունքում, ըստ քննչական մարմինների, Բաշկիրիայի պետական բյուջեն բազմամիլիարդ կորուստներ է կրել։

Այս պահին Հայրապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, նա երկու օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին մեր ռադիոկայանին տեղեկացրեց գործարարի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը: Նա հավելեց, որ իր հայրը վատառողջ է և սպասում է, որ դատարանն այս գործով դրական որոշում կկայացնի:

Նշենք, որ այսօրվա ասուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է «Սիստեմա»-ի գործին: Պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցին՝ Պուտինն ասել է, որ Եվտուշենկովը մեղավոր չէ փողերի լվացման մեջ:

XS
SM
MD
LG