Մատչելիության հղումներ

490 կողմ,76 դեմ քվեների հարաբերակցությամբ Եվրոպական խորհրդարանը մի քանի ժամ առաջ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում հաստաստեց Վրաստանի և Եվրամիության միջև հունիսի 27-ին կնքված Ասոցացման համաձայնագիրը:

Փաստաթղթի վավերացման պահին Եվրախորհդարանի նիստերի դահլիճի՝ հյուրերի համար նախատեսված օթյակում էին Վրաստանի երրորդ և չորրորդ նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին և Գեորգի Մարգվելաշվիլին:

Նշեմ ի դեպ, որ Սաակաշվիլին Ստրասբուրգ էր ժամանել Եվրոպայի ժողովրդական կուսակցության հրավերով: Հենց այս կուսակցության ներկայացուցիչներից մեկի կոչով էլ Եվրախորհրդարանի անդամները ծափահարություններով ողջունեցին Վրաստանի երրսրդ նախագահին:

Վրաստանի գործող նախագահն ու նրան ուղեկցող մոտ 10 հոգանոց պատվիրակության անդամները որոշեցին չմիանալ Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում հնչող ծափահարություններին: Եվ չնայած նախկին և ներկա նախագահների միջև լարվածությունը տեսանելի էր անզեն աչքով՝ դա չխանգարեց Գեորգի Մարգվելաշվիլիին վավերացման արարողությանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել նաև եվրաինտերգրման ճանապարհին Սաակաշվիլիի ներդրած ավանդի մասին:

«Անկախության ձեռքբերումից ի վեր իմ երկրի բոլոր ղեկավարները` սկսած առաջին նախագահ Գամսախուրդիայից, հետագայում նաև Շևարդնաձեն և Սաակաշվիլին, նաև մեր ղեկավարությունը, մենք բոլորս մշտապես հավատարիմ ենք եղել մեր վերջնական նպատակին: Իսկ այդ նպատակը շատ հստակ է` դառնալ եվրոպական միասնական ընտանիքի` Եվրամիության լիիրավ անդամ», - հայտարարեց Մարգվելաշվիլին:

Եվրամիության պաշտոնյաները ևս համոզված են, որ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը հաջորդող քայլը Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանումն ու Եվրամիության լիիրավ անդամակցության հնարավորությունների քննարկումն է:

«Հուսով եմ, որ Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի [վավերացումից] հետո մենք կարող ենք բանակցություններ սկսել ազատ վիզային ռեժիմի սահմանման շուրջ: Ապագայում գուցեև անդրադառնանք նաև Վրաստանի Եվրամիության լիակատար անդամակցությանը: Դուք գիտեք, որ Եվրամիության փիլիոսոփայության հիմքում ընդարձակումն է, իսկ Վրաստանը եվրոպական պետություն է: Վրաստանը եվրոպական քաղաքակրթության բնօրաններից մեկն է», - Ստրասբուրգում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի Վրաստանի հարցով զեկուցող Անդրեյս Մամիկինսը:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին էլ խոհուրդ տվեց չթերագնահտել այն, ինչ կատարվեց այսօր Ստրասբուրգում․ - «Այսօր մենք շատ կարևոր մի քայլ կատարեցինք Եվրամիության ընդարձակման ճանապարհին»:

Վրաստանի հետ կնքված ասոցացման համաձայնագիրը արդեն իսկ վավերացրել են Եվրամիության 28 անդամ պետություններից 10-ի խորհրդարանները:

«Դեռ 18 պետություն էլ պետք է վավերացնի այս համաձայնագիրը: Ես կարծում են, որ Եվրոպական խորհրդարանի կողմից այսօրվա վավերացումը դրական ազդակ կհանդիսանա և կարագացնի մնացած պետությունների կողմից պայմանագրի վավերացման գործընթացը», - հայտարարեց Գեորգի Մարգվելաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG