Մատչելիության հղումներ

Դրամի արժեզրկման հետևանքով դեղորայքը թանկացել է


Դրամի արժեզրկումն իր ազդեցություն է ունեցել նաև դեղորայքի գների վրա: Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեղերը թանկացել են 5-10, որոշ դեպքերում՝ 18 տոկոսով:

Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը «Ազատությանն» ասաց, որ նախարարը նախորդ շաբաթ հանդիպել է հայաստանյան շուկա դեղորայք ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարներին ու հորդորել, որ փոխարժեքի տատանման պայմաններում վարեն դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն: Ուլիխանյանը պնդում է, որ ոչ բոլոր դեղամիջոցներն են թանկացել:

«Հիմնականում մոտ 20 տոկոս դեղորայքի անվանացանկի վրա է թանկացել: Կան դեպքեր, երբ Ռուսաստանից ներկրվող դեղորայքի վրա՝ ռուբլով, դեղերի գները նույնիսկ իջել են», - ասում է նա՝ ու պարզաբանում․ - «Նոր ստացած դեղորայքի վրա են թանկացնում հիմնականում, որովհետև այսօր այդ դեղորայքը վաճառելով վաղը նույն ծավալի դեղորայք հնարավորություն չեն ունենալու ձեռք բերել»:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի խոսքով, մինչդեռ, իրենք արձանագրել են գների թանկացում 20-25 տոկոսով:

«Ազատ շուկայական տնտեսության մեջ հորդորներով չէ, որ գնային քաղաքականությունը զսպվում է ցանկացած տնտեսվարողի մոտ», - հավլեց նա:

Այցելեցինք մայրաքաղաքի մի քանի դեղատներ: Աշխատակիցներից շատերը, չնկարահանվելու պայմանով ասացին, որ օրինակ՝ հակաբորբոքային և ճնշման պրեպարատները թանկացել են 100-ից մինչև 200 դրամով: Շաքարախտով հիվանդների համար նախատեսված «Դիաբետոն» դեղամիջոցի գինը 4800 դրամից հասել է 5100-ի: Թանկացել է նաև մանկական «Էսպումիզան» դեղը՝ 2200 դրամից հասնելով 2700-ի:1200 դրամով թանկացել է հազի համար նախատեսված «Ացէցե Լոնգի», իսկ 700 դրամով՝ մանկական «Նազիվին» դեղամիջոցը: Որոշ դեղատներում առհասարակ թույլ չտվեցին տեսախցիկով ներս մտնել, մյուսներում էլ կտրուկ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե իրենց արգելել են:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ են թանկացել նաև ՀՀ-ում արտադրվող դեղերը, դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը բացատրեց․ներկրվողները թանկացել են, որովհետև արտարժույթով են ձեռք բերվում, տեղական դեղամիջոցներն էլ թանկացել են, որովհետև հումքն է ներկրվում:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ գրեթե ամեն ամիս կատարվող իրենց մոնիտորինգները թույլ չեն տալու, որպեսզի դեղերի շուկայում գների անհարկի թանկացումներ լինեն: Սամվել Զաքարյանը մինչդեռ պնդում է՝ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում նախարարությունը դեղերի գների վրա ազդելու ոչ մի իրական լծակ չունի, իսկ սոցիալապես անապահով մարդիկ լուռ հետևում են թանկացումներին: Պատահական անցորդներն «Ազատության» հետ զրույցում նշում էին, որ իրենց միակ ելքը համակերպվելն է, կամ առհասարակ դեղերից հրաժարվելը:

XS
SM
MD
LG