Մատչելիության հղումներ

Սահմանվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքերի ցանկն ու աջակցության կարգը


Տավուշի մարզի Չինարի գյուղ
Տավուշի մարզի Չինարի գյուղ

Կառավարությունն այսօր հաստատեց սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկն ու նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը:

Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն առաջարկեց 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ աջակցություն ստացող համայնքների բնակիչներին մինչև 360 խորանարդ մետր բնական գազի սպառման համար 50 տոկոսի չափով զեղչ սահմանել՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ նշելով, որ գանձվող գնի տարբերությունը կփոխհատուցվի ընկերությանը։ Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկվեց մինչև 1440 կիլովատ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարումը գանձել հաստատված սակագնից 50 տոկոս զեղչով՝ կրկին նշելով, որ գանձվող գնի տարբերությունը ընկերությանը կփոխհատուցվի։

Գործադիրը նաև սահմանեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև որոշվեց, որ նշված 32 համայնքներում մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի Կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG