Մատչելիության հղումներ

Կվերականգնվեն ԱՄՆ - Կուբա դիվանագիտական հարաբերությունները


Վե՛րջ ավելի քան կես դար ձգված թշնամանքին․ Միացյալ Նահանգների և Կուբայի նախագահներ Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն երեկ, միաժամանակ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հայտարարել են, որ 1961 թվականին Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո խզված դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն: Հավանայում կվերաբացվի ԱՄՆ-ի դեսպանատունը:

Չնայած պահպանվող գաղափարական սկզբունքային հակասություններին՝ Վաշինգթոնն ու Հավանան այսուհետ կհամագործակցեն ամենատարբեր ոլորտներում՝ միջազգային ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարից մինչև միգրացիա, առողջապահություն, տարերային աղետների արձագանք:

Այնուհանդերձ, ամերիկացի զբոսաշրջիկներին նախկինի նման արգելված կլինի այցելել Կուբա:

Համաձայնությունը հնարավոր է դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անմիջական միջնորդության շնորհիվ:

Հարաբերությունների ջերմացման նախապայմաններից է եղել Կուբայում 2009-ին հեռահաղորդակցության սարքավորումներ ներմուծելու համար լրտեսության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսսի ազատ արձակումը:

Օբամայի նախագահական լիազորություններն ավարտվում են երկու տարուց: Ըստ տարբեր վերլուծաբանների, դեմոկրատ նախագահը հույս ունի, որ իր վերջին քայլը բարենպաստ ազդեցություն կունենա նաև կուսակցության իմիջի վրա․ 2016-ին կազդի բավականին պատկառելի թիվ կազմող լատինամերիկացիների ընտրողների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG