Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետն ասում է՝ գործարարներն անհիմն թանկացրել են որոշ ապրանքներ


Նախորդ օրերին գրանցվեցին սննդամթերքի, դեղորայքի կտրուկ թանկացումներ, որոշ դեպքերում՝ գների մինչև 40 տոկոսի աճ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով գործարարները անհիմն թանկացրել են շաքարը, ալյուրը և լայն սպառման այլ ապրանքները՝ օգտվելով դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներից, և կառավարությունը դա չի հանդուրժելու:

Այս խոսքերով բացելով կառավարության այսօրվա նիստը` վարչապետը նաև հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ «ամենայն խստությամբ» մոտենալ տեղի ունեցածին:

«Երեկ ես հանդիպումներ եմ ունեցել արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Մեր միջազգային գործընկերները ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված՝ փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ, շարունակվելու է», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, սակայն, նշեց, որ անհանգստացած են փոխանակման կետերում գնման ու վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով:

«Մասնավորապես երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ձեր հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ ներկայացնի տեղեկատվություն ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու», - ընդգծեց վարչապետը:

Նշենք, որ նախորդ մի քանի օրերին գրանցվեցին սննդամթերքի, ինչպես նաև դեղորայքի կտրուկ թանկացումներ, որոշ դեպքերում՝ գների մինչև 40 տոկոսի աճ: Այս առնչությամբ վարչապետը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարեց․ - «Ես խնդրում եմ դեղորայքի շուկայի վաճառքին հետևել և օրվա երկրորդ կեսին ինձ հետ խոսել, քանի որ ես հանձնարարական եմ տվել համապատասխան մարմիններին, որպեսզի հետևեն, փորձեն հասկանալ այդ շուկայում ինչ է կատարվում»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կառավարության նիստից հետո ասաց, որ հույս ունի, որ այս իրավիճակը ավելի կկանոնակարգվի և ավելի կգա ելման դրությանը:

«Որովհետև տարեմուտի առևտուրը ամբողջովին արգելակման ռեժիմի մեջ է, մարդիկ չգիտեն՝ ինչ գնով ֆակտուրաներ լրացնեն, ինչ համարժեքով հաշվեն իրենց ներկրած ապրանքը: Կարևորը, որ և վարչապետը երեկ հստակ հայտարարություն արեց, և վերջապես Կենտրոնական բանկի նախագահը համարձակվեց գնահատականներ տալ, որովհետև իրավիճակը բարդ է», - ասաց Արսեն Ղազարյանը:

Երևանի փողոցներում «Ազատության» փոքր հարցում անցկացրինք: Եթե ասենք, թե մարդիկ պարզապես մտահոգ էին թանկացումների պատճառով, թերևս չհաղորդենք իրական պատկերը:

«Կարծում եմ, որ ժողովրդի համար շատ են թանկացել ապրանքները: Եկամուտները մնացել են նույնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի քաղաքացի:

«Թանկացել ա, նկատել եմ, որովհետև ես ռուսական փող էի մանրում, որպեսզի դրամ դարձնեմ ու առևտուր կատարեմ, և բավականի թանկացում եմ նկատել», - ասաց մեկ ուրիշ քաղաքացի:

XS
SM
MD
LG