Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը հայտնվել է ֆինանսական ճգնաժամում


Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը մամուլի ասուլիսում: 17-ը դեկտեմբերի, 2014 թ․

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը մամուլի ասուլիսում: 17-ը դեկտեմբերի, 2014 թ․

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հայտնվել է ֆինանսական ճգնաժամում՝ էլեկտրաէներգիայի կորուստների պատճառով:

Լրագրողների հետ հանդիպմանը Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը պարզաբանեց, որ Հայաստանի կառավարության երաշխավորությամբ ընկերությունը վերցրել է մոտ 220 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր, ինչը նշանակում է, որ եթե ՀԷՑ-ը չկարողանա մարել նշված վարկերը, դա անելու է Հայաստանի Հանրապետությունը:

«Դեկտեմբերի 11-ին Երևանում է եղել ցանցերի սեփականատերը՝ Интер РАО-ի ղեկավար Կովալչուկը: Նրա հետ ձեռք է բերվել մի պայմանավորվածություն, որ մենք մինչև փետրվար ամիսը պետք է միասին մշակենք ընդհանուր ծրագիր այս ֆինանսական ճգնաժամից դուրս գալու նպատակով», - փոխանցեց փոխնախարարը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հուլիսի 1-ի որոշմամբ 10 տոկոսով բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ բաշխիչ ցանցերի սեփականատեր ՀԷՑ-ը վնասներ էր կրել:

Ըստ Իսայանի, Հայաստանի կառավարության և Интер РАО-ի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 24-ին․ - «Ամենակարևորը, մենք կարողանանք հասկանալ, թե ոնց ենք վերակառուցելու մեր ունեցած վարկային միջոցները: Վարկեր կան, որոնք վերցված են դոլարով, ու այս փոխարժեքի փոփոխությունը միանշանակ ազդեցություն ունի»:

«Ազատության» հարցին, թե ինչ նպատակով է ընկերությունը 220 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ վերցրել, փոխնախարարը պատասխանեց․ - «Դա հիմնականում ներդրումային ծրագրերի վարկերն են»:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք «Նաիրիտ»-ի պատմությունը չի կրկնվում, փոխնախարարը հակիրճ արձագանքեց․ - «Չէ, կարծում եմ, տարբեր բաներ են»:

XS
SM
MD
LG