Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսին հաջորդ տարի ևս սպասվում է քաղաքական լուրջ ճակատամարտ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պարում է՝ տոնածառի լույսերը վառելուց հետո
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պարում է՝ տոնածառի լույսերը վառելուց հետո

Ավարտվեցին ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի աշխատանքները։ Իր գործունեության ընթացքում այս Կոնգրեսն ընդունեց միայն 202 օրենք, ինչն ամենացածր ցուցանիշն է անցած 42 տարիների ընթացքում։ Եվ զարմանալի չէ, որ այսօր ամերիկացիների միայն 15 տոկոսն է դրական արտահայտվում Կոնգրեսի մասին։

ԱՄՆ-ի Կապիտոլիումի առջև Սուրբ ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ անհնար էր նկատել Կոնգրեսում առկա լարվածությունը։ Սակայն Կոնգրեսի ներսում լարվածությունն ակնհայտ էր։ Իսկ դրա գլխավոր պատճառը բյուջեի խնդիրն էր։ Դեմոկրատները բողոքում են, որ հանրապետականների ներկայացրած դրույթների նպատակը ժողովրդի հաշվին մեծ բանկերին աջակցելն է։

Հանրապետականներին էլ չի գոհացնում ներգաղթի մասին Բարաք Օբամայի ներկայացրած նախագահական գործադիր որոշումը, որն անօրինական մեծաթիվ փախստականների տալիս է այստեղ ժամանակավոր գրանցվելու արտոնություն։ Հանրապետականները բողոքում են, որ նախագահն այսպիսով անտեսում է սահմանադրությամբ իրեն տրված իրավունքների սահմանը։

Ինչպես Ներկայացուցիչների տան հանրապետական նախագահ Ջոն Բեյներն է ասել, իրենք հակադարձ քայլեր են նախատեսում նախագահական գործադիր որոշման դեմ, պահանջելով ամրացնել Մեքսիկայի հետ սահմանը՝ թույլ չտալու համար անօրինական նորանոր փախստականների մուտք ԱՄՆ։Եթե մարդիկ այստեղ են անցել անօրինական եղանակով, նրանց հարկավոր է վտարել օրինական եղանակներով, հայտարարում է հանրապետականների մեծ մասը։

Սակայն հանրապետականների շրջանում էլ կան կոնգրեսականներ, ովքեր, վերլուծաբան Ստյուարթ Ռոթենբերգի խոսքերով, ցանկանում են խնդրի համապարփակ լուծում՝ հայտարարելով, որ իրոք չի կարելի վտարել միլիոնավոր մարդկանց։ Չնայած նրանք չունեն ԱՄՆ-ում բնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, սակայն արդեն իսկ այստեղ են և նրանց վտարման արդյունքում կբաժանվեն հարյուր հազարավոր ընտանիքներ, ասում են որոշ հանրապետականներ:

Հանրապետականները նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացան Կոնգրեսի զույգ պալատներում և արձակուրդներից հետո նրանց վերահսկողության տակ է անցնելու նաև Սենատը։

Սակայն վերլուծաբանն այնքան էլ վստահ չէ, որ 2015թվականը կանցնի քաղաքական խաղաղ պայմաններում։

«Չնայած ընտրությունների արդյունքն ուղերձ էր նախագահին այն մասին, որ ընտրողների մեծամասնությունը դեմ է իր քաղաքականությանը, նախագահը դրան այդպես չի նայում, և դեռևս պարզ չէ, թե արդյոք հանրապետականները նոր Կոնգրեսում կգործեն լիակատար միասնությամբ»,- ասում է Ռոթենբերգը:

Այլ վերլուծաբաններ, ինչպես, օրինակ, Չիկագոյի համալսարանից Ուիլյամ Հաուելը, կարծում են, որ հանրապետականները մինչև նախագահական ընտրությունները, պիտի փորձեն ցույց տալ արդյունավետ կառավարման իրենց կարողություններն ու ունակությունները։

Իսկ նախագահն ու կոնգրեսականներն այժմ պիտի վայելեն Սուրբծննդյան ու Նոր տարվա արձակուրդները, քանի դեռ չի սկսվել եկող տարվա քաղաքական ճակատամարտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG