Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժի:

Նա ասաց, որ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, նաև մի խումբ տնտեսվարողների հետ:

«Միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կառուցման մեր քայլերը»,- ասաց Աբրահամյանը:

Վարչապետը նշեց, որ երեկ երեկոյան և այսօր ֆինանսական շուկայում արդեն կայունացում է նկատվում:

«Մասնավորապես, շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Ես առաջարկում եմ Արտակ Շաբոյանին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրիր այս ապրանքատեսակների առևտուրը, և ինձ ներկայացնի տեղեկատվություն ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ, ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, չորեքշաբթի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդակցությունը ներկա էին եղել Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդակցության մասնակիցները հատուկ կարևորություն էին տվել «սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG