Մատչելիության հղումներ

Ռուսական ռուբլու անկման պատկերը փոխվում է ամեն րոպե: Այս ռեպորտաժը պատրաստելու պահին մեկ դոլարի գինը 63 ռուբլի 47 կոպեկ էր, եվրոն՝ 79 ռուբլի, 25 կոպեկ: Նման պատկեր էր այն բանից հետո, երբ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ արտարժույթի վաճառք է սկսում:

Ռուսաստանցի ֆինանսիստները ռուբլու փրկության ջանքերն անհրաժեշտ են համարում՝ վկայակոչելով անկման ռեկորդային ցուցանիշը, ըստ որի՝ ռուբլին այնքան էր արժեզրկվել, որ մեկ դոլարի գինը հասավ 80 ռուբլու, մեկ եվրոյինը՝ 100 ռուբլու:

Տնտեսագետները, սակայն, վստահ չեն, որ ռուսական կառավարությունը կկարողանա պահպանել ռուբլու համեմատաբար արժևորման միտումը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հորդորել է արժութային միջամտություններն անել «ռիթմով», որպեսզի «ցնցումներ չառաջանան» ռուբլու շուկայում:

Մեդվեդևը նաև գնահատել է՝ սանկցիաները չեն կարող չազդել ռուբլու վրա, բայց փոխարժեքը չի համապատասխանում օբյեկտիվ իրավիճակին, այն, ըստ Մեդվեդևի, դուրս է եկել տնտեսության համար բարենպաստ գոտու սահմաններից:

Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները խոստովանում են, որ իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին չէ:

Պուտինն այսօր լուռ է: Առավոտյան, երբ ռուբլին անհամեմատ ավելի ցածր գին ուներ, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն հայտարարել է, թե ռուբլու վերաբերյալ Պուտինն այսօր ասելիք չունի: Ի դեպ, նրա մամուլի ասուլիսը նախատեսված է վաղը:

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, անգամ ամենամղձավանջային երազում հնարավոր չէր տեսնել», - բնորոշել է Կենտրոնական բանկի առաջին տեղակալ Սերգեյ Շվեցովը:

Նրա կարծիքով, առաջիկա օրերին ռուսական ռուբլու կարգավիճակը կհամեմատվի 2008-ի ծանր կացության հետ:

Արևմուտքն անգամ ռուսական ռուբլու գահավիժման պայմաններում մտադիր չէ մեղմել պատժամիջոցները` հույս ունենալով, որ այս իրավիճակը Վլադիմիր Պուտինին կստիպի նահանջել Ուկրաինայի հարցում: Այս տեսակետը, մասնավորապես, հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:

«Ռուսական տնտեսությունը դատապարտված է», - գնահատել է «Վաշինգթոն Փոստը»: «Նյու Յորք Թայմս»-ը գրում է․ - «Ռուսաստանն ապրում է ևս մեկ աղետ, որի պատճառը, մեծ հաշվով, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն է»:

Ռուբլու անկմանը զուգահեռ ռուսական լրատվամիջոցներն առևտրի կետերում գնորդների աննախադեպ ակտիվություն են արձանագրում, մարդիկ ռուսական ռուբլու ճակատագրի անորոշության պայմաններում ամեն կերպ փորձում են ռուբլին վերածել ապրանքի, խանութները դատարկվում են մեծ արագությամբ:

Ռուբլու գահավիժման հարաբերական դադարի պայմաններում անգամ տեղեկություններ են հրապարակվում ապրանքների թռիչքային գնաճի մասին: Մոսկվայի թանկարժեք իրերի հանրախանութը հայտարարել է գները 40-50 տոկոսով բարձրացնելու մասին:

Ռուսաստանի տնտեսությունը եվրոպական բանկերի գործունեության դադարեցման հետևանքով կորցրել է 7,5 միլիարդ եվրո: Մի քիչ պակաս գումար է հիմա պատրաստվում ծախսել ֆինանսների նախարարությունը՝ ռուսական ռուբլու արժեքը փրկելու համար:

Ռուսաստանի քաղաքացիներն ասում են՝ իրենք անելանելի վիճակում են:

«Հիմա կգնան՝ բոլորը բանկերից կհանեն իրենց գումարները ապրանք գնելու համար: Բայց հետո՞, չէ՞ որ ապրանքը չի հերիքի․ մենք սնանկ ենք», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հարցին այսպես է պատասխանել քաղաքացիներից մեկը:

«Մեր երկիրն ուզում են խեղդել, բայց ես կուզեի, որ մենք ավելի հայրենասեր լինեինք, ամեն ինչ անեինք հանուն մեր երկրի», - ասել է մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիների մի մասն էլ այս իրավիճակը բացատրում է Ռուսաստանի կառավարության սխալներով:

«Մեր քաղաքական գործիչները մի խաղ սկսեցին, որ չպետք է անեին: Եվ, ցավոք, ինչպես միշտ՝ տուժում է ժողովուրդը», - ասում են նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG