Մատչելիության հղումներ

ԿԲ նախագահ․ «Դրամը գերարժեզրկված է»


«Դրամն այսօր գերարժեզրկված է, իսկ դոլարը՝ գերարժեվորված», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պնդելով, որ առաջիկայում դրամը կարժեվորվի, և դա «անժխտելի» է:

ԿԲ նախագահը, այդուհանդերձ, դժվարացավ կանխատեսել, թե երբ կսկսվի դրամի արժեվորումը․ - «Գերարժեվորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաների իրականացումը: ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո:Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեվորվի»:

Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ արժույթի անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի կայունացման ժամանակ դրանք կարող են բերել էական կորուստների․ - «Նաև հորդորում ենք մեր քաղաքացիներին լինել ողջամիտ, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից»:

Ջավադյանի խոսքով, բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և հարկ եղած դեպքում Կենտրոնական բանկն ունի հնարավորություն՝ տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն․ - «Նման խուճապով փոխարկումները անիմաստ են: Կենտրոնական բանկը իրավիճակը միշտ պահում է վերահսկելի: Մենք վստահ ենք, որ տիրապետում ենք գնաճի զսպման բոլոր հնարավորություններին: Եվ մեր գերնպատակը մնում է գների կայունությունը»:

«Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները կպատժվեն», - վստահեցրեց նա: - «Օգտվելով իրավիճակից, որոշ բիզնես վարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով: Դա օրենսդրության խիստ խախտում է»:

Բանկային համակարգը, ըստ Ջավադյանի, կայուն է, բանկերը վճարունակ են, առևտրային բանկերը կարող են կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ այդ թվում սպասարկել հանրության բանկային հաշիվներն ու ավանդները․ - «Կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել, ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա հաշիվների և ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով: Կենտրոնական բանկը խստորեն և հետևողականորեն վերաբերվում է այդ հարցին: Եվ այն դեպքում, եթե պարզվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, կենթարկվեն խստագույն պատասխանատվության»:

Արթուր Ջավադյանը վերահաստատեց, որ ստեղծված իրավիճակը կապված է նաև նավթի համաշխարհային գների անկման ու ռուսական ռուբլու արժեզրկման հետ․ - «Իհարկե դա ազդեցություն ունի: Չի կարող չունենալ, որովհետև մենք ունենք բավականին լուրջ սփյուռք հենց Ռուսաստանի Դաշնությունում, և այն «մեսիջները», որ այնտեղից գալիս են, այդքան էլ դրական չեն: Խուճապային են հենց այդ մեսիջները: Այն խուճապը, որը եղավ Ռուսաստանի Դաշնությունում, այդ խուճապը շատ հեշտ ձևով տեղափոխվեց Հայաստան»:

XS
SM
MD
LG