Մատչելիության հղումներ

Ռուստամյան․ «Չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան»


Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողներն այսօր փորձեցին պարզել, թե ինչի՞ հասան իշխող Հանրապետականի հետ համատեղ դատապարտող հայտարարությամբ, երբ Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կրկին շարունակում է սպառնալից հայտարարություններ անել:

Երեկ Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կրկին սպառնացել է․ - «Ես իմ խոսքը պնդում եմ, եթե որևէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որևիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի՞ իր էրեխեքին, թե՞ չէ»:

Ռուստամյանն այսօր հետևյալ կերպ հակադարձեց Ոստիկանության զորքերի հրամանատարի այս հայտարարությանը․ - «Եթե Երանոսյանը չի հասկացել, թե Ազգային ժողովը ինչ դեր ունի այս երկրում և չի կարելի Ազգային ժողովին հակադրվել, ուրեմն իսկապես, եթե ինքը որոշել է գլուխ ջարդել, իր գլուխը կարող է ջարդվել»:

Անդրադառնալով երեկ խորհրդարանի ամբիոնից Սեյրան Սարոյանի (ՀՀԿ) հնչեցրած հայտարարությանը, որով գեներալն արդարացնում էր Արամ Մանուկյանի դեմ բռնությունները, քանի որ վերջինս հայհոյել էր երկրի ղեկավարին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ - «Չի կարելի հայհոյանքներ տեղալ և մտածել, որ դա կմնա անպատասխան: Կարծում եմ, որ մենք պիտի հասկանանք, որ հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսին է»:

Հավելենք, որ Արմեն Ռուստամյանը հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում Դաշնակցությունը կարող է հանրապետականի հետ կոալիցիա կազմել, իսկ դաշնակցական Արա Նռանյանն էլ փոխնախարարի պաշտոն ստանալ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG