Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդև․ Ռուբլու փոխարժեքը դուրս է եկել տնտեսության համար բարենպաստ գոտու սահմաններից


Ռուսական ռուբլու անկման պատկերը փոխվում է րոպե առ րոպե: Այս ռեպորտաժը պատրաստելու պահին մեկ դոլարի գինը հատել էր 72 ռուբլու, իսկ մեկ եվրոյինը՝ ավելի քան 92 ռուբլու սահմանագիծը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը քիչ առաջ ստիպված եղավ վերանայել առավոտյան հրապարակած տվյալները փոխարժեքի վերաբերյալ: Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալի՝ մեկ դոլարի փոխարժեք է սահմանվել 67 ռուբլի 79 կոպեկը, իսկ եվրոյինը՝ 84 ռուբլի 59 կոպեկը:

Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները խոստովանում են, որ իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին չէ:

Պուտինն այսօր լուռ է. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, թե ռուբլու վերաբերյալ Պուտինն այսօր ասելիք չունի. վաղն է նախատեսված նրա մամուլի ասուլիսը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է՝ սանկցիաները չեն կարող չազդել ռուբլու վրա, բայց փոխարժեքը չի համապատասխանում օբյեկտիվ իրավիճակին, այն, ըստ Մեդվեդևի, դուրս է եկել տնտեսության համար բարենպաստ գոտու սահմաններից:

Երեկ ուշ երեկոյան ֆինանսական ճգնաժամի հաղթահարման շուրջ շտապ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևը հայտարարել է, որ մշակել են փոխարժեքի կայունացման ուղղությունները։

«Իրավիճակը շատ բարդ է, և կարևոր է ապահովել Կենտրոնական բանկի և Կառավարության գործողությունների միասնությունը», - ասել է նախարարը:

«Ֆինանսների նախարարությունը սկսում է արտարժույթի մնացորդների վաճառքը», -նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Խոսքը 7 մլրդ դոլարի մասին է:

Ռուբլու գահավիժման մասին վկայող լրահոսին զուգահեռ ռուսական լրատվամիջոցներն արձանագրում են առևտրի կետերում գնորդների աննախադեպ ակտիվությունը, մարդիկ ռուսական ռուբլու ճակատագրի անորոշության պայմաններում ամեն կերպ փորձում են ռուբլին վերածել ապրանքի, խանութները դատարկվում են մեծ արագությամբ:

Ռուսաստանի քաղաքացիներն ասում են՝ իրենք անելանելի վիճակում են:

«Հիմա կգնան՝ բոլորը բանկերից կհանեն իրենց գումարները ապրանք գնելու համար: Բայց հետո՞, չէ՞ որ ապրանքը չի հերիքի․ մենք սնանկ ենք», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հարցին այսպես է պատասխանել քաղաքացիներից մեկը:

«Մեր երկիրն ուզում են խեղդել, բայց ես կուզեի, որ մենք ավելի հայրենասեր լինեինք, ամեն ինչ անեինք հանուն մեր երկրի», - ասել է մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիների մի մասն էլ այս իրավիճակը բացատրում է Ռուսաստանի կառավարության սխալներով:

«Մեր քաղաքական գործիչները մի խաղ սկսեցին, որ չպետք է անեին: Եվ, ցավոք, ինչպես միշտ՝ տուժում է ժողովուրդը», - ասում են նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG