Մատչելիության հղումներ

Էներգետիկայի փոխնախարար. Դրամի արժեզրկումը կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա


Իսկ թվային արժեքով որքան կլինի այդ ազդեցությունը, ըստ Արեգ Գալստյանի, ոչ մեկը հիմա չի կարող ասել:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի խոսքով, դրամի արժեզրկումը միանշանակ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Նոյեմբերի սկզբին ամերիկյան 1 դոլարը վաճառվում էր 410 դրամով, այսօր օրվա երկրորդ կեսին տարադրամի փոխանակման որոշ կետերում 1 ԱՄՆ դոլարի դիմաց արդեն պահանջում էին 635 դրամ:

Տնտեսագետների համոզմամբ՝ դրամի նման կտրուկ արժեզրկումը հանգեցնելու է գազի ու էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացմանը։

«Եվ այս երևույթը, որ մենք ունեցանք վերջին մեկ ամսվա ընթացքում, իհարկե, ինքն իր արտացոլումը ունի։ Միանշանակ դա մեր հաշվարկների և մեր մոտեցումների վրա իր ազդեցությունը կտա։ Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, առավել ևս թվային արժեքներով, ոչ մեկը հիմա չի կարող պատասխանել միանշանակ, բայց որ ազդեցություն կլինի, միանշանակ, դա կլինի», - հայտարարեց Գալստյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ազատության» հարցին՝ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞ այնքան, որքան դրամն է արժեզրկվել, Գալստյանը պատասխանեց. - «Չէ, ես այդպիսի բան չասեցի, ի սեր Աստծո, ես տենց բան չէի կարող ասել»։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը երկու օր առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ «այս պահին որևէ որոշում չկա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու վերաբերյալ», սակայն միաժամանակ նշեց՝ «ուսումնասիրում ենք ընկերության ֆինանսական կայունության հարցը»:

Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը այս հուլիսի 1-ին էր որոշում կայացրել մոտ 10 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ բաշխիչ ցանցերի սեփականատեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վնասներ է կրել: Այդ ընկերությունը, ի դեպ, պատկանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը:

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ «այսօրվա դրությամբ, հանձնաժողովը հանրային ծառայություն մատուցող որևէ ընկերությունից սակագնի վերանայման մասին հայտ չի ստացել»:

«Գազպրոմ Արմենիա»․ «Համապատասխան որոշում կկայացվի», եթե դրամը շարունակվի արժեզրկվել

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, ով երկուշաբթի «Ազատությանը» փոխանցել էր, որ «այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»՝ գազի սակագնի բարձրացման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու համար, այսօր հետևյալը նշեց. - «Ընկերության մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորիգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկայում փոխարժեքի աճի միտումները պահպանվեն և ընկերությունը շարունակի այդ մասով վնասներ արձանագրել, ապա մոնիտորինգի արդյունքներով համապատասխան որոշում կկայացվի»։

Ճշտող հարցին, թե «համապատասխան որոշում կայացնելը» արդյո՞ք նշանակում է դիմել հանձնաժողովին սակագնի բարձրացման նպատակով, Սարդարյանը պատասխանեց. - «Ընդունենք, որ նաև գործող կարգի հիմքերով ընկերությունը իրավունք ունի դիմելու կարգավորող մարմնին սակագնի վերանայման հարցով՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ ազգային արժույթի փոխարժեքի տատանումները», - ասաց Սարդարյանը։

Մամուլի խոսնակը նաև հիշեցրեց, որ գազի գործող սակագնի հիմքում ընկած է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 416 դրամ 5 լումա փոխարժեքը, և որ գազ մատակարարող ընկերությանը «Գազպրոմ Արմենիան» վճարում է ԱՄՆ դոլարով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG