Մատչելիության հղումներ

GRECO-ն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գործադրած ջանքերը


Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբին (GRECO) գոհացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Այսօր հրապարակած զեկույցում Հայաստանի իշխանություններն արժանացել են շնորհավորանքների՝ բոլոր 19 խորհրդատվությունների կատարման հարցում գործադրած արդյունավետ ջանքերի համար:

Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը, մասնավորաբար, ողջունել է Հայաստանի Քրեական օրենսդրության հստակեցումները, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Հայաստանին խորհուրդ էր տրվել վերանայել գործուն զղջման դեպքում պատժի կրումից ազատելու մեխանիզմը և պարզաբանել կիրառման պայմանները: Հայաստանի իշխանությունները եվրոպացիներին վստահեցրել են, որ Քրեական օրենսգրքում որոշ սահմանափակումներ են մտցրել՝ չարաշահումներից խուսափելու համար: Օրենքով գործուն զղջման մեխանիզմներն այժմ կարելի է կիրառել միայն կաշառակերության դեպքում:

Կաշառք տվողն, այնուհանդերձ, պարտավոր է հանցագործության մասին տեղեկացնել իրավապահներին եռօրյա ժամկետում՝ նախքան դեպքի բացահայտումը:

Խորհուրդների մյուս խումբը վերաբերում էր կուսակցությունների նախընտրական ծախսերի, նվիրատվությունների վերահսկողությանը:

«Փոփոխությունների արդյունքում»,- կարդում ենք զեկույցում,- «բարելավվել է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման, ինչպես նաև նախընտրական քարոզարշավների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: ԿԸՀ-ը կարող է վերահսկել և վարչական խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժամիջոցներ կիրառել իրավախախտ կուսակցության նկատմամբ»:

GRECO-ի ընթացիկ զեկույցում նշվում է, որ նախկինում նկատված մտահոգություններն այժմ օրենքով վերացվել են: Այնուհանդերձ, եվրոպական կառույցը չի կարող ասել՝ արդյո՞ք նոր օրենքը գործնականում կկիրառվի ըստ արժանվույն, բայց խրախուսում է Հայաստանի իշխանություններին պարբերաբար վերահսկել համակարգի էֆեկտիվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG