Մատչելիության հղումներ

Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները սրվել են


Մարդիկ բողոքում են լրագրողների ձերբակալությունների դեմ, Ստամբուլ, 15-ը դեկտեմբերի, 2014
Մարդիկ բողոքում են լրագրողների ձերբակալությունների դեմ, Ստամբուլ, 15-ը դեկտեմբերի, 2014

Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության` Թուրքիա կատարած այցից ընդամենը մի քանի օր անց Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները կտրուկ կերպով սրվում են: Պատճառը մոտ երկու տասնյակ ընդդիմադիր թուրք լրագրողների` կիրակի օրը տեղի ունեցած ձերբակալություններն էին:

Թուրքիայի մի շարք շրջաններում դեկտեմբերի 14-ին իրականացված ոստիկանական գործողությունըարժանացավ Եվրամիության ղեկավարների խիստ քննադատությանը: Հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող լրագրողների ձերբակալությունը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ընդարձակման գծով հանձնակատար Յոհանես Հանի գնահատմամբ «հակասում էր եվրոպական չափանիշներին»: «Խոսքի ազատություն ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն է»,- հայտարարել էին եվրոպացի պաշտոնյաները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը չուշացավ: Կոջաելի քաղաքում հնչեցրած ելույթում Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության տարափ տեղաց Եվրամիության ղեկավարների հասցեին, որոնց հետ դրանից ընդամենը մի քանի օր առաջ քննարկում էր իր երկրի` եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու հեռանկարները:

«Եվրամիությունը զուրկ է որևէ լիազորությունից, որ նրան թույլ կտար միջամտել անվտանգության ուժերի գործողություններին: Գործողություններ, որոնց նպատակն է չեզոքանցել մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը: Եվրամիությունը պետք է իր գործով զբաղվի»,- հայտարարեց Էրդողանը՝ հավելելով․- «Ցանկացած ուժ, որ կսպառնա Թուրքիայի ազգային անվտանգությանը արժանի պատասխան կստանա` լրագրող լինի, թե մեկ այլ խմբի ներկայացուցիչ: Մենք այդ մարդկանց իշխանությանը մոտ չենք թողնի»: Թուրքիայի նախագահի հայտարարություններին Բրյուսելում արձագանքեցին ակնհայտ շփոթմունքով:

Ֆեդերիկա Մոգերինին, հակադարձելով Էրդողանին, ասել է․- «Ես տեսա Թուրքիայի նախագահի արձագանքը և կարող եմ ասել, որ խիստ զարմացած եմ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք շատ կառուցողական բանակցություններ էինք վարում Թուրքիայում: Մենք հուսով էինք, որ Անկարայում [ձևավորված] նոր կառավարության և Եվրամիության նոր ղեկավարության առկայությունը հնարավորություն կտա երկկողմ հարաբերություններում նոր սկիզբ ազդարարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG