Մատչելիության հղումներ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Հենրիխ Մխիթարյանի՝ վնասվածք ստանալուց հետո հայտարարել է, որ աշխարհի չեմպիոն Քևին Գրոսկրոյցը վերադառնում է:

Կիսապաշտպանությունում «Բորուսիա»-ի կազմում այժմ բացակայում է ոչ միայն Մարկո Ռոյսը, այլև Հենրիխ Մխիթարյանը: Այդպիսով Գրոսկրոյցը հնարավորություն է ստանում իրեն կրկին դրսևորել Դորտմունդում:

Գերմանիայի առաջնությունում «Հերտա»-ի հետ հանդիպման ժամանակ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել:

«Չնայած Հենրիխ Մխիթարյանի և Մարկո Ռոյսի բացակայությանը, «Բորուսիա»-ն փորձելու է ամեն ինչ անել անցյալի կորուստները վերականգնելու համար: Ուրախ եմ, որ խաղալու ենք սեփական հարկի տակ, հուսով եմ, որ երկրպագուները կստեղծեն լավ մթնոլորտ»,- ասել է Կլոպը «Բորուսիա»-ի պաշտոնական կայքին:

Մխիթարյանը կբացակայի 6 շաբաթ: Հայ ֆուտբոլիստը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի հետ զրույցում ասել էր.- «Բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքիս ազդրի մկանի կտրվածք կա: Բժիշկների կարծիքով՝ ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա և մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում»:

«Բորուսիա»-ի վերջին 9 անընդմեջ պարտությունները թիմին հասցրել են Բունդեսլիագայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնական: Դեկտեմբերի 17-ին «Բորուսիա»-ն առանց Մխիթարյանի սեփական հարկի տակ կհանդիպի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ի հետ:

««Վոլֆսբուրգ»-ն ուժեղ ու իր ուժերին վստահ թիմ է, որն ունի շատ ճկուն կիսապաշտպանություն: Ֆուտբոլիստները կարող են փոխվել դիրքերով: Մենք գիտենք, թե ինչ մրցակից է սպասում մեզ: Նման մրցակիցների դեմ պետք է խաղալ անձնվիրաբար»,- նշել է դորտմունդցիների գլխավոր մարզիչը:

Այս օրերին մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը ֆուտբոլային մասնագետները և ֆուտբոլասերները փորձում են գուշակել, թե որ ֆուտբոլիստը որ թիմ կտեղափոխվի: Այս խնդրով «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը նույնպես մտահոգված է.- «Քանակը միշտ չէ, որ որակ է ապահովում: Իհարկե, մտածում ենք կազմը փոխելու հավանականության մասին, սակայն վերջնական որոշում կկայացնենք ձմեռային դադարի ժամանակ»:

Օրերս կայացած Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում պարզ դարձան 1/8 եզրափակիչի զույգերը: Դորտմունդի «Բորուսիա»-ն կհանդիպի Իտալիայի առաջնության (A սերիայի) առաջատար «Յուվենտուս»-ի հետ: Չեմպիոնների լիգայի հանդիպումները կմեկնարկեն փետրվարի 17-ից, մինչև այդ կանխորոշվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG