Մատչելիության հղումներ

logo-print

Դավութօղլուի խորհրդականը կրկին խոսել է կոռումպացված թուրք պաշտոնյաների մասին


Էթյեն Մահչուփյան

Էթյեն Մահչուփյան

Ահմետ Դավութօղլուի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը չի դադարում խոսել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում կոռումպացված պաշտոնյաների առկայության մասին:

Թուրքիայի կառավարությունը չի կարող ընդմիշտ թաքցնել կոռուպցիոն գործերը, Hürriyet պարբերականի հետ զրույցում հայտարարել է Մահչուփյանը:

«Ինչ-որ պահի կառավարությունը կդիմի հասարակությանը: Դա պետք է լինի և համոզիչ, և թափանցիկ»,- ասել է նա:

Ըստ Մահչուփյանի, որևէ կուսակցություն կամ կառավարություն չի կարող հավերժ խուսափել այդ քայլից: Կոռուպցիոն չարաշահումներն, ըստ Թուրքիայի վարչապետի խորհրդականի, հավերժ չես թաքցնի:

«Դա Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության համար ավելի թանկ կարժենա»,- հավելել է Մահչուփյանը․- «Չեմ կարծում, թե կոռուպցիոն գործերը կարող են հասնել մինչև նախագահ Էրդողան, բայց որոշ մարդիկ, այնուամենայնիվ, անհանգստացած են, որ դա կարող է օգտագործվել նախընտրական քարոզարշավների ժամանակ»: Մահչուփյանը, մասնավորաբար, 2015-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն է մատնանշել:

Թուրքիայում 2013 թվականի դեկտեմբերին մեկնարկած կոռուպցիայի և կաշառակերություն դեմ պայքարի գործողություններն ընդգրկել են կառավարության չորս նախարարների, նրանց որդիներին և այլ պաշտոնյաների: Նախկին նախարարների նկատմամբ մեղադրանքները, թեև կարճվեցին, սակայն այս հարցով խորհրդարանինախաձեռնած հետաքննությունը շարունակվում է:

«Եթե կառավարությունն ավելի հետևողական չզբաղվի կոռուպցիայի մասին պնդումներով, խնդիրներ կունենա միջազգային հարթակներում»,- ասել է Մահչուփյանը:

2000-ականներին Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրած Էթյեն Մահչուփյանը իրատեսական է համարում կառավարությունից կոռուպցիայի դեմ կոշտ քայլեր սպասել առաջիկա ընտրություններից հետո:

Դավութօղլուի հայազգի խորհրդականի հայտարարություններն այս տարի մի քանի անգամ դարձել են ներկուսակցական կրքերի բորբոքման պատճառ: Մեկնաբանելով այս տարի կայացած ընտրությունների արդյունքները և դրանցում իշխող կուսակցության հաղթանակը` Մահչուփյանն ասել էր․- «Թուրք քվեարկողը ռացիոնալ ընտրություն կատարեց: Հնարավոր հեղաշրջման և կոռուպցիայի միջև նա ընտրեց կոռուպցիան»: Հայազգի պաշտոնյան նախկինում ազատորեն արտահայտվել է նաև քրդական հարցի, բազմաթիվ անգամներ նաև՝ կոռուպցիայի մասին:

XS
SM
MD
LG