Մատչելիության հղումներ

Հայաստանը ևս 124 միլիոն դոլարի վարկ կվերցնի


Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում՝ հազիվ երկու տասնյակ պատգամավորների ներկայությամբ արտահերթ նիստում քննարկվեցին ևս 124 միլիոն դոլարի վարկ վերցնելու երկու համաձայնագրերը․ Համաշխարհային բանկը 75 միլիոն դոլարի վարկ կտրամադրի, իսկ Ասիական զարգացման բանկը՝ 49 միլիոն:

Երկու վարկերն էլ վերցվում են բյուջեի ծախսերը փակելու համար:

Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագիրը խորհրդարանականներին ներկայացնող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հայտարարեց՝ «սա շատ արտոնյալ վարկ է»:

Հարցին, թե տնտեսական անկայունության, դրամի շարունակվող արժեզրկման ֆոնին արդյո՞ք խելամիտ է նոր վարկ վերցնել օր օրի թանկացող դոլարով, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատասխանեց․ - «Կառավարության տեսակետից միանշանակ խելամիտ է, որովհետև մենք վերցնում ենք վարկ 0.8 տասնորդական տոկոսով: Այդ 0.8 տասնորդական տոկոսը ցանկացած մարդ, որը փողի հետ գործ ունի, կասի թե դա ինչ է նշանակում: Դա նույնն է, որ մեկից պարտք վերցնես, ասես՝ 100 դոլար տուր, հետո ես քեզ կտամ 70 դոլար դրա փոխարեն»:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ հավելեց․ - «Այն նպատակները, որոնք դրված են այս վարկերի հիմքում, հատկապես բյուջետային աջակցության, որ՝ 75 միլիոն դոլար մենք դրել ենք, որպեսզի կարողանանք մեր բյուջետային ծախսերը փակել: Պատկերացրեք, եթե չենք վերցնում և այդ ծախսերը պարտք ենք մնում: Մեր ֆինանսական հոսքերի տեսակետից դա ЧП է՝ այսպես ասած»:

Համաշխարհային բանկի տրամադրելիք այս վարկը օրենսդիրները որպես եկամուտ են հաշվել դեռ 2014 թվականի բյուջեի նախագծում:

«Եթե չվավերացնենք, կարծում եմ, որ կառաջանա լուրջ կազուս, որովհետև մենք դե ֆակտո այս միջոցները բյուջեում նախատեսել ենք, համապատասխան ծախսերը նախատեսել ենք բյուջեում, և սա ընդհանուր գումարն է՝ բյուջետային վարկ և վավերացնելուց հետո արդեն համապատասխան բանկը այդ գումարը կփոխանցի Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը Համաշխարհային բանկի այս վարկի ենթատեքստում քաղաքական գնահատական է տեսնում․ - «Զուտ տնտեսական վարկավորում չէ, զուտ բյուջետային վարկավորում չէ, այլ շատ բարձր գնահատական է Հայաստանի Հանրապետության վարած շատ հավասարակշռված, հեռատես արտաքին քաղաքականությանը»:

Բյուջետային վարկերից հետո պատգամավորներն անցան Եվրասիական միությանն անդամակցությունից բխող օրենսդրական փոփոխությունները քննարկելուն: Ժամեր շարունակ Կառավարության ներկայացուցիչ Վախթանգ Միրումյանը ներկայացնում էր, թե մաքսային ու հարկային օրենսդրության որ կետը ինչպես են փոխելու՝ միության կանոններին համապատասխանեցնելու համար: ԵՏՄ անդամակցությանն ընդդիմացող պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ ենք այսքան շտապում մի միություն, որտեղ Հայաստանի անդամակցության հարցն այժմ սակարկության է դրված:

«Այս պայմաններում ավելի ճիշտ չէ՞ր լինի մենք էլ այդ բազարների մեջ՝ ժողովրդի ասած, մտնեինք, փորձեինք հնարավորինս մաքսիմալ բաներ քաղել այս իրավիճակում, որովհետև հստակ գնում է քննարկում՝ այս կտաք՝ կվավերացնենք, չեք տա՝ չենք վավերացնի: Նման գործընթաց է, իսկ մենք խելոք աշակերտի նման ինչ անհրաժեշտ է, ուզում ենք անպայման [իրագործել]։ Ո՞ւր ենք շտապում», - հարցրեց Արզումանյանը:

Քննարկումները կշարունակվեն վաղը:

XS
SM
MD
LG