Մատչելիության հղումներ

Ցուցարարները փոխոստիկանապետին հրավիրեցին ականջներ կտրելու


Տասնյակ ակտիվիստներ այսօր Երևանում բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ վերջին օրերին տեղի ունեցող բռնությունների։ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ակտիվիստները շարժվեցին դեպի Ոստիկանության շենք։

Բողոքի ակցիայի մասնակցում էին «Նախախորհրդարանի» անդամները, Հայ ազգային կոնգրեսի համակիրները։

Ոստիկանությանն ուղղված ամոթանքները տեղ չհասան․ մի քանի տասնյակ իրավապահներ, դիմացի մայթին պատ կազմած, թույլ չտվեցին բողոքի ակցիա անցկացնել հենց ոստիկանության շենքի առջև: Ցուցարարների փորձերը՝ անցնել փողոցը, ոստիկանական դիմադրությանն էին հանդիպում:

Արդյունք չտվեցին ոչ բանակցությունները, ոչ էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հորդորները․ փողոցը մնաց փակ: Վերջին օրերի բռնություններից զայրացած ցուցարարները դիմացի մայթից կանչում էին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, որ իջնի ու տեր կանգնի խոստմանը՝ կտրի նախագահից դժգոհողների ականջները: Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզումով սկիզբ առած այս շարքը շարունակվեց բռնություններով, նույն օրը Գևորգ Սաֆարյանին ծեծեցին: Քաղաքական այս միավորման անդամ Վարդան Հակոբյանն ասում է՝ քանի այդ դեպքերը չեն բացահայտվել՝ անպատժելիությունից ոգևորված նոր գրոհներ կլինեն:

«Այստեղ մնում է միայն այդ բռնություններ գործադրողներին խնդրել, որպեսզի իրենք բռնության վայրում թողնեն իրենց հեռախոսի համարը, հասցեն, որ ոստիկանների համար հեշտ լինի բացահայտելը, որպեսզի այս ձնագունդը շատ չմեծանա», - ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, բռնությունները, որպես կանոն, իշխանությունների վերջին գործիքն են, նաև՝ վերջին կետը: Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է՝ մի գիշերվա մեջ յոթ մեքենա հրկիզելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

«Հենց իրենք էլ նախաձեռնել են այս ամեն ինչը: Գևորգ Սաֆարյանին հարվածել են և մահափորձը կատարվել է երեք տեսախցիկի առաջ․ երեք: Եվ մի վայրկյան չի տևել այդ պրոցեսը՝ գլխին հարվածելուց հետո շարունակել են հարվածներ հասցնել ընկած դիրքում: Եվ չբացահայտել այդ մարդկանց, ուղղակի հնարավոր չէ: Տվեք ինձ ադ ձայնագրությունները և ես կբացահայտեմ», - ասում է նա:

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանը Ստալինին նմանվելու անհաջող փորձեր է անում, խոսուն է տարածված վարկածը, թե իբր Արամ Մանուկյանին հարվածողը նեղսրտել է Սերժ Սարգսյանին վիրավորելու համար:

«Արամ Մանուկյանի դեպքում իբր թե բացահայտվեց, բայց դա լրիվ հնդկական կինո էր, այդպիսի բան հավատալու չէր: Այնպես որ, այն, ինչ ձևի սարքում են, դրանից որոշ բաներ երևի կարելի է հասկանալ, թե այդ ոնց են բացահայտելու», - ասում է նա:

Վահագն Մինասյանը շարունակում է՝ եթե պատգամավորն իսկապես հայրենասիրական ապտակ է ստացել, ապա հանրությունը կարող է իր եզրակացություններն անել․- «Դա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ կարելի է հանցավոր վարչախմբի անդամներից յուրաքանչյուրին հիսունից ութսուն հազար դրամի դիմաց կամ մաքսիմում երկու ամիս կալանքի դիմաց դաստիարակչական, հայրենասիրական հարվածներ հասցնել՝ ընդհուպ մինչև ուղեղի ցնցում, որպես թեթև մարմնական վնասվածք»:

Տարբեր ակցիաներից բազմիցս ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդները վստահ են՝ հանցագործությունները չեն բացահայտվելու, ավելին՝ այս ամենի հետևում իրենք՝ իրավապահներն են կանգնած՝ մարդկանց վախեցնելու ուղերձով․ - «Ծածկադմփոցի է լինելու, ինչպես եղավ քաղաքապետարանի մոտի դեպքերի հետ: Այսինքն, այն ժամանակ էլ տասը հոգի ծեծեցին, որևէ դեպք չբացահայտվեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG