Մատչելիության հղումներ

logo-print

Աստանան մոսկովյան հանդիպումից հետո կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը


Բելառուսի օրենսդիրները նույնպես պետք է այն վավերացնեն։

Ղազախստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ից հետո կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Այդ մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Ռուսաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը կարևորել են գալիք տարվա հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը և հույս հայտնել, որ պայմանագրի իրականացումը կնպաստի երկու երկրների փոխադարձ առևտրի ծավալների աճին։

«Վեստի» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեևը Ղազախստանի ղեկավարի հետ այսօր հանդիպել է Աստանայում, որտեղ գումարվել է Շանհայան համագործակցության երկրների վարչապետերի հավաքը։

«Հունվարի 1-ից մեր երկրները համագործակցելու են Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում։ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովը, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը, գուցե այդ ժամանակ պատրաստ կլինի նաև Ղրղըզստանը»,- ասել է Նազարբաևը Մեդվեդևին։

Նշենք, որ անցած օրերին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ պնդել են, թե Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը չի ընդգրկվել Ղազախստանի օրենսդիրների աշխատանքային օրակարգում, ինչը նշանակում է, թե, իբր, Ղազախստանն այդպիսով եթե ոչ բոյկոտում, ապա առնվազն հետաձգում է Հայաստանի անդամակցությունը։

Ղազախստանի խորհրդարանն ունի երկու պալատ։ Մաժիլիսն այսօր` չնշելով կոնկրետ ժամկետներ, հաստատել է, որ օրակարգում ընդգրկելու է վավերացում ենթադրող երկու փաստաթղթերի քննարկումը. մեկը Եվրասիական տնտեսական համագործակցության լուծարման մասին պայմանագիրն է, մյուսը` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։

Անցած չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Հենց այդ օրը Ռուսաստանի Դաշնության Պետական դուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։

Դեկտեմբերի 10-ին Սարգսյանը և Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերը։

Հայաստանի խորհրդարանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը վավերացրել է դեկտեմբերի 4-ին։ Այժմ այն պետք է վավերացնեն Ղազախստանի և Բելառուսի օրենսդիրները։

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԵՏՄ-ի կայացմանը վերաբերվող ևս մեկ զարգացում։ Ղրղըզստանի փոխվարչապետ Վալերի Դիլը բանակցել է Մոսկվայում։ Նրա խոսքերով, Մաքսային միությանը և ԵՏՄ-ին հանրապետության անդամակցության պայմանագրի հիմնադրույթներն արդեն պատրաստ են։

«Մենք քննարկել ենք առևտրի խոչընդոտները և մաքսային հսկողությունը վերացնելու, ինչպես նաև սահմաններն ամրացնելու տեխնիկական հարցերը, դրանք կկարգավորվեն 2015-ի ընթացքում»,- ասել է Դիլը և ավելացրել. - «Հիմա պետք է ստորագրել պայմանագիրը, իսկ հետո հղկել»։

Այս պահին ԵՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Հանրային կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնի նոր հարցախույզի համաձայն, ռուսաստանցիների համապատասխանաբար 66 և 45 տոկոսը Բելառուսն ու Ղազախստանը համարում են ԱՊՀ կազմի ամենահաջողված երկրները։

Ալեքսանդր Լուկաշենկային և Նուրսուլթան Նազարբաևին վստահում է ռուսաստանցիների 61 և 38 տոկոսը։

Հարցվածների 63 և 31 տոկոսի կարծիքով, այդ երկու երկրներում են առավելապես երաշխավորված ռուսախոս բնակիչների իրավունքները։

Դեռ անցյալ տարի այդ ցանկում, ըստ ռուսաստանցիների, երրորդ տեղն է գրավել Ուկրաինան, որը, սակայն, հասկանալի հանգամանքների բերումով, այլևս հաջողված և ռուսախոսների իրավունքները երաշխավորած պետություն չի համարվում։

Երրորդ տեղում բոլոր երեք անվանակարգերում հիմա Հայաստանն է, որը սակայն անհամեմատ ցածր տոկոսներ է ստացել. Հայաստանը հաջողված երկիր է համարում ռուսաստանցիների 7 տոկոսը, նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի համարող ռուսաստանցիների թիվը 10-ը տոկոսի չի հասնում, ռուսախոսների իրավունքները ապահովված է համարում հարցվածների 5 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG