Մատչելիության հղումներ

Թուրքիայում լրատվամիջոցների 24 ներկայացուցիչ է ձերբակալվել


Թուրքական ոստիկանությունը երեկ Թուրքիայի 13 քաղաքներում ձերբակալել է լրատվամիջոցների ավելի քան 24 ներկայացուցիչների:

Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչության և սպառնալիքների օգտագործմամբ բանդա ձևավորելու միջոցով պետական իշխանությունը գրավելու փորձի, նաև զրպարտության և կեղծիքի մեջ: Ձերբակալվածների թվում է նաև Zaman-ի գլխավոր խմբագիրը, Samanyolu հեռուստատեսության ղեկավարը: Վերջիններս, ըստ թուրքական կառավարության, կապեր ունեն արևմտամետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հակառակորդն է:

Ըստ Էրդողանի, Գյուլենը միջամտում է Թուրքիայի ներքին գործերին և փորձում ապակայունացնել իրավիճակը երկրում:

Ձերբակալություններից հետո Samanyolu հեռուստաընկերության առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, հեռուստադիտողները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Թուրքիայի ժողովրդավարության ամոթի օրը», «Ազատ մամուլին չպետք է լռեցնել»:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ու Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանսը հայտարարել են՝ այդ ձերբակալություններն ընդդեմ եվրոպական արժեքների են: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թուրքական կառավարությանը հորդորել է չխախտել մամուլի ազատությունն ու ժողովրդավարական չափանիշները:

Zaman-ի թղթակից Մումթազար Թյուրքոնը Ստամբուլում իր գործընկեր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․- «Սա ընդդիմությանն ու մամուլին լռեցնելու գործընթաց է: Երկուսն էլ՝ Zaman թերթը և Samanyolu հեռուստաընկերությունը, նրանց խմբագիրները, ղեկավարները հրապարակում են կոռուպցիայի և կաշառակերության վերաբերյալ ամենալուրջ հետաքննությունները: Ակնհայտ է, որ Ռեջեփ Էրդողանը մամուլին սպառնում է լռություն պահպանել իր հակառակորդների հարցում»:

Լրագրողների և գրողների հիմնադրամի ղեկավար Մուսթաֆա Եսիլը գնահատել է.- «Սրանք հակակառավարական լրատվամիջոցներն էին, միլիոնավոր մարդիկ էին արտահայտվում այս լրատվամիջոցների շնորհիվ: Մեկ անձի ղեկավարությամբ գործող բռնակալական ռեժիմը հիմա փորձում է կասեցնել այս երկու լրատվամիջոցների գործունեությունը, բայց մարդիկ մտադրություն չունեն դա նրան թույլ տալ»:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հակադարձել է․ -«Նրանք, ովքեր ասում են՝ չեն վախենում ոչ մի բանից, նրանք, ովքեր ասում են՝ ամեն ինչ պետք է բացվի, ինչո՞ւ են այսօր խուճապի մեջ, ինչո՞ւ են աղաղակ հրահրում՝ փորձելով վնասել քննությանը: Նրանք պետք է սպասեն»: Թուրքիայի վարչապետը ավելացրել է․ - «Բայց նրանք, ովքեր ներթափանցել են պետական կառույցներ, նրանք, ովքեր գաղտնալսում են նախագահի և վարչապետի ամենագաղտնի հանդիպումները, նրանք, ովքեր Ազգային հետախուզական գործակալության դեմ են, նրանք, ովքեր սիրիացիներին օգնությանն են ընդդիմանում, իսկ հետո աշխարհին բողոքում դրանից, չպետք է մտածեն, թե այս ամենն անպատասխան է մնալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG