Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է, որ ռուս-թուրքական մերձեցումը բխում է Ադրբեջանի շահերից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ.

Ադրբեջանում հուսով են, որ ռուս-թուրքական մերձեցումը կազդի նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա։

Ադրբեջանական մամուլը շարունակում է ակտիվորեն քննարկել ռուս-թուրքական վերջին բանակցությունները, որոնք կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին Անկարա կատարած այցի շրջանակներում:

Անկարայում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է «Հարավային հոսք» գազատարից, դադարեցնում է շինարարական աշխատանքները և փոխարենը մտադիր է նոր գազատար կառուցել Թուրքիայի տարածքով, որն էլ թույլ կտա ռուսական գազը հասցնել եվրոպական երկրներ ոչ թե Բուլղարիայի տարածքով, այլ Թուրքիայի։

Մոսկվայի այս որոշումն էլ ավելի ամրապնդեց Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում և Եվրոպայում։ Ռուսաստանցի փորձագետներն էլ այս օրերին ակտիվ քննարկում են այն հարցը, որ ռուս-թուրքական հարաբերությունները դուրս են եկել նոր փուլ և հենց Թուրքիան է դարձել Ռուսաստանի նոր ամենակարևոր դաշնակիցը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

Ռուս-թուրքական մերձեցումը ողջունում է նաև պաշտոնական Բաքուն։

«Վերջին շրջանում արձանագրված ռուս-թուրքական մերձեցումը բխում է Ադրբեջանի շահերից, և մենք ողջունում ենք այդ մերձեցումը», - օրերս հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Ադրբեջանցի դիվանագետը հիշեցրել է, որ երկու երկրներն էլ Ադրբեջանի հարևաններն են և տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները, և երկուսի հետ էլ Ադրբեջանն ունի մտերիմ, բարեկամական հարաբերություններ։

«Եթե հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և միջնորդ ղարաբաղյան բանակցություններում, իսկ Թուրքիան էլ անմիջապես Հայաստանի հարևանն է, ուրեմն Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա։ Մենք սպասում ենք դրան», - ասել է Խալաֆովը։

XS
SM
MD
LG