Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ում քննադատում, իսկ Ռուսաստանում մեծարում են հայր և որդի Ալիևներին


Հեյդար և Իլհամ Ալիևները, արխիվ

Հեյդար և Իլհամ Ալիևները, արխիվ

Ամերիկայում հորդորում են պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները ոտնահարող Իլհամ Ալիևի կառավարության նկատմամբ, իսկ Մոսկվայում մեծարում են Ադրբեջանի նախկին ու ներկայիս առաջնորդներ Ալիևներին:

Անցած շաբաթավերջին AZAD կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքում, Ադրբեջանին վերաբերող քննարկում է անցկացրել, որին մասնակցել են ամերիկացի վերլուծաբաններ, քաղաքագետներ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ 90-ական թվականներին Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ասել է, որ Հեյդար Ալիևի կողմից իշխանությունը որդուն փոխանցելուց հետո Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում դրական փոփոխություն տեղի չի ունեցել:

Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Ռամիզ Մեհտիևի վերջին հրապարկումը ուղղակի մեղադրանք է ԱՄՆ-ին: Մեհդիևը ԱՄՆ-ին մեղադրում է Ադրբեջանում 5-րդ շարասյուն ձևավորելու միջոցով իշխանությունը փոխելու փորձի մեջ:

«ԱՄՆ-ի հետ աշխատող հասարակական կազմակերպությունները բնորոշվել են որպես Ադրբեջանի դավաճաններ»,- նշել է Կոզլարիչը՝ առաջարկելով, որ Միացյալ Նահանգները պատասխան քայլեր ձեռնարկի:

Կոզլաիչն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է իր քաղաքացիներին զգուշացնի Ադրբեջան ճամփորդելու վտանգների մասին, որտեղ նրանց կարող են հետևել, նկարահանել:

«Ձեզ հետ իրոք կարող են նման բաներ պատահել», - ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Կոզլարիչի խոսքով՝ Արևմուտքը պետք է հստակ լինի Բաքվին հաղորդագրություններ հղելու հարցում, և Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պետք է կոորդինացնեն իրենց ջանքերը:

«Եթե դիվանագիտական ճնշումները Իլհամ Ալիևի կառավարության վրա չեն ազդում, ապա ժամանակն է քննարկելու պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Դա Ադրբեջանի կառավարությանը ցույց կտա, որ մարդու իրավունքների շարունակվող բռնությունները անհետևանք չեն մնա», - ընդգծել է Ռիչարդ Կոզլարիչը:

«Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության նախկին նախագահ, հիմա ՄըքՔեյն ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամներն իր ելութում ասել է, որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն արևմտյան, այլև համընդհանուր սկզբունքները:

«Ոչ մեկը չի ցանկանում վատ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, բայց դժվար է լավ հարաբերություններ զարգացնել մի ռեժիմի հետ, որը գնալով ավելի կոռումպացված ու ավտորիտար է դառնում», - ընդգծել է Կրամերը:

Նա ասել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանում իրավիճակը շատ ավելի է վատթարացել։ Այս պահին 100-ից ավելի քաղբանտարկյալ կա, երկու անգամ ավելին քան Ռուսաստանում և Բելառուսում, որոնց դեմ մենք պատժամիջոցներ ենք կիրառում», - ընդգծել է նա:

Կրամերը եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է արել ներկա չգտնվել Բաքվում 2015-ին կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերին, այնպես, ինչպես շատերը չմասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադային:

AZAD կազմակերպության ներկայացուցիչներ Էլմար Շախատինսկին և Գորխմազ Ասգարովը իրենց ելույթում նշել են, որ արդեն ժամանակն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:

Իսկ Մոսկվայում Հեյդար Ալիևի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանն անցկացված հավաքին մասնակցել են Ռուսաստանի քաղաքական գործիչները, մասնավորապես, Ռուսաստանի նախագահի մշակութային հարցերով միջազգային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն, ով, APA գործակալության փոխանցմամբ, ասել է. - «Հեյդար Ալիևը շատ իմաստուն մարդ էր, ով կարողանում էր իր շուրջը մթնոլորտ ստեղծել, և շատ կարևոր է, որ նա որդի է մեծացրել, ով Հեյդար Ալիևի ստեղծած հիմքի վրա կառուցում է բարգավաճ, ժամանակակից և դինամիկ զարգացող երկիր»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG