Մատչելիության հղումներ

Կառավարությունը «լսել անգամ չի ուզում» աշխատավարձի ողջ պարտքը մարելու մասին


«Նաիրիտի» աշխատակիցները կառավարության շենքի առջև, 6-ը դեկտեմբերի, 2014
«Նաիրիտի» աշխատակիցները կառավարության շենքի առջև, 6-ը դեկտեմբերի, 2014

Մեկ ու կես տարուց ավելի աշխատավարձ չստացող «Նաիրիտի» աշխատակիցները այսօր կրկին կհավաքվեն գործարանին հարակից տարածքում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։

Շաբաթ օրը նրանք հանդիպել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Կառավարության ղեկավարը նաիրիտցիներին խոստացել էր այսօր վճարել մեկ ամսվա աշխատավարձ։

«Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե նույնիսկ իրենց այսօր վճարեն մեկ ամսվա աշխատավարձ, ապա դա ոչ մի կերպ չի թեթևացնի իրենց հոգսը։

«Ինչ վերաբերում է ամբողջ աշխատավարձի պարտքի մարմանը, դրա մասին լսել անգամ չեն ուզում՝ անընդհատ հայտարարելով, որ կառավարությունը սեփականատիրոջ փոխարեն ինչ-որ վճարումներ անելու պարտականություն չունի: Անընդհատ հիշեցվում է մեր կողմից, որ «դուք, այնուամենայնիվ, 10 տոկոսի սեփականատեր եք»: Մի՞թե կառավարությունը չի զգում պատասխանատվություն և պատրաստ է 1600 մարդու ուղղակի թողնել փողոցում»,- ասաց Հարությունյանը:

Այսօրվա հավաքի ընթացքում նաիրիտցիները պատրաստվում են ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի պահանջների և հետագա գործողությունների իրականացման ծրագրով։ Չնայած վարչապետն արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ ամբողջական պարտքերի մարումն այս պահին հնարավոր չէ, Անուշ Հարությունյանի խոսքով՝ իրենք միևնույն է կշարունակեն բողոքի ակցիաների միջոցով պահանջել իրենց հասանելիք 18 ամսվա աշխատավարձը։

««Նաիրիտի» խնդիրը պետք է գլոբալ լուծվի, մարդկանց աշխատանքից ազատում եք, մարդիկ հավատացել են ձեզ, նախորդ կառավարությանը, դուք իրավահաջորդը՞ չեք այդ կառավարության, ինչո՞ւ եք անընդհատ ասում՝ «առաջ ենք նայում»: Ախր այդ առաջը, որ նայում եք, մարդկանց վրայով եք անցնում: Այս կառավարության համար մարդը ընդհանրապես արժե՞ք չէ»,- հարցնում է «Նաիրիտի» մամուլի խոսնակը:

XS
SM
MD
LG