Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ «Այս ամենը մարտահրավեր է ժողովրդին և պետականությանը»


Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Երևանի կենտրոնում երթի ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Երևանի կենտրոնում երթի ժամանակ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ընդգծելով, որ երեկ երեկոյան կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ կատարված հարձակումը «վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքական ահաբեկչության արդեն վեցերորդ դեպքն է», պնդում է, որ այդ ամենը մարտահրավեր է ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլև Հայաստանի ողջ ժողովրդին, նրա պետականությանը, ազգային անվտանգությանը։

Փիլիպոսյանին «տնից դուրս կանչած հանցագործները բացեիբաց հայտարարել են, որ նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսնում հենց վերջինիս քաղաքական գործունեության, այն է՝ ի հեճուկս Լեռնանիստի գյուղապետի արգելքի՝ իրենց գյուղում դեռ սեպտեմբերին Հրազդանի հանրահավաքների մասին իրազեկում կատարելու համար», - նշում է ՀԱԿ-ը:

«Կուլմինացիայի հասած հասարակական ըմբոստության և իշխանությունը կորցնելու վախի պայմաններում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը, այլևս զրկված քաղաքական պայքարի ունակությունից ու մեթոդներից, ապավինել է ավազակաբարո գործելակերպի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական առումով անցնելով անթույլատրելիության բոլոր սահմանագծերը», - հայտարարում է ընդդիմադիր կուսակցությունը: - «Իշխանությունը կորցնելու վախը մթագնել է վարչախմբի բանականությունը, և նա քաղաքական ընդդիմության դեմ պայքարը տեղափոխել է այլ հարթություն՝ որդեգրելով որևէ իշխանության համար անպատվաբեր՝ դարանակալ ահաբեկչության ստոր ու ամոթալի մեթոդը»։

«Ահաբեկչական ակտերի՝ իշխանության կողմից կազմակերպված լինելը, ըստ էության, հաստատվում է հենց ՀՀ ոստիկանապետի և ներքին զորքերի հրամանատարի ցինիկ հայտարարություններով», - պնդում է ՀԱԿ-ը, հավելելով՝ քանի որ նման հայտարարություններ արած պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվել, «ուստիև, որպես ռեժիմի միանձնյա ղեկավար, անձամբ Սերժ Սարգսյանի վրա է ընկնում թվարկված ահաբեկչական բոլոր ակտերի պատասխանատվությունը»:

«Նմանօրինակ գործելակերպը ոչ միայն չի կարող կոտրել ռեժիմի դեմ ծառացած Համաժողովրդական շարժման քաղաքական կամքը, այլ առավել հրատապ է դարձնում ամբողջական իշխանափոխության նրա ծրագրի շուտափույթ իրականացումը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG