Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմի նկատմամբ քննադատությունները ԱՄՆ-ում ուժգնանում են


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը նոյեմբերի, 2014թ․

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը նոյեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգներում նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նկատմամբ քննադատություններն է՛լ ավելի են ուժգնանում։ Վերջերս էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանների ընտրության հարցը։

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պաշտոններում Օբաման երբեմն ներկայացնում է այնպիսի անձանց, ովքեր ընդհանրապես կապ չունեն դիվանագիտության հետ։ Նրանցից է հեռուստասերիալից մեկի ռեժիսորը, որը շուտով ստանձնելու է Ռումինիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը։

ԱՄՆ-ի նախագահների համար նորություն չէ դեսպանների նշանակումների հարցում կոնգրեսականների քննադատության տակ հայտնվելը։ Օբաման անմասն չէ այս քննադատություններից։ Վերջերս սուր հարցադրումների տակ էին հայտնվել Իսլանդիայում ու Նորվեգիայում դեսպանների Օբամայի ներկայացրած թեկնածուները։

Օրինակ՝ Ռոբերտ Բարբերը, որին ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է տեսնել որպես դեսպան Իսլանդիայում, պարզվում է՝ իր կյանքում որևէ անգամ չի էլ եղել այդ երկրում։ Որևէ անգամ Նորվեգիայում չի եղել Ջորջ Ջեյմսը, որին Օբաման ցանկանում է տեսնել որպես այդ երկրում ԱՄՆ-ի դեսպան։ Նրանք դեսպան աշխատելու համար չունեն համապատասխան աշխատանքային փորձառություն, սակայն գործուն դեր են ունեցել ընտրարշավները ֆինանսավորելու հարցում։

Օբամայի ընտրած թեկնածուները միջին հաշվով կես միլիոն կամ ավելի գումար են հատկացրել կամ հավաքել նախագահի կուսակցության համար, ասում է «Արձագանքող քաղաքականություն» կենտրոնի աշխատակից Շեյլա Քրումհոլցը։ Ցավալի է, ասում է նա, որ այս պաշտոններին չհամապատասխանելով հանդերձ՝ նման թեկնածուները շատ հաճախ հաղթում են ավելի որակյալ կադրերի դեմ պայքարում։

Իսկ Ամերիկայի արտաքին քաղաքականության ընկերակցության նախագահ Ռոբերտ Սիլվերմանի խոսքերով՝ նման փորձառությունը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, հատկապես երբ հարցը վերաբերում է ռազմավարական նշանակություն ունեցող երկրներին։ «Մի բան է անփորձ մեկին նշանակել դեսպան փոքր մի կղզում, ասենք՝ Պալաուում, մեկ այլ բան է, երբ փորձ չունեցողին նշանակում են դեսպան Հունգարիայի պես երկրներում», - ասում է նա։

Իսկ Հունգարիայում Օբաման ցանկանում էր դեսպան նշանակել Քոլին Բելին՝ «Համարձակն ու գեղեցիկը» հեռուստասերիալի ռեժիսորին։ Նա, ի դեպ, արդեն հաստատվել է այս պաշտոնում՝ հակառակ հանրապետական սենատորների լուրջ առարկություններին։ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնսթի բացատրությունը հետևյալն է․ - «Բելը մեկն է, որի նկատմամբ նախագահն ունի մեծ վստահություն՝ վստահություն, որ նա գերազանց կկատարի Հունգարիայում Միացյալ Նահանգները ներկայացնելու իր պարտավորությունը»։

Չնայած Բարաք Օբաման առաջին նախագահը չէ, որ ընտրություն է կատարում ոչ թե մասնագետ դիվանագետներից, այլ իրեն նվիրյալներից, նա աչքի է ընկնում այս սկզբունքով դեսպաններ նշանակելու թվի մեծությամբ՝ դեսպանների 4Օ տոկոսը։

Ջորջ Բուշի դեպքում այդպիսի դեսպանների թիվը կազմում էր 30 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG