Մատչելիության հղումներ

logo-print

ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագիծը մտահոգություն է առաջացրել հասարակական դաշտում


Կառավարության հեղինակած օրենքի նոր նախագծով հասարակական կազմակերպությունների առջև ֆինանսական հաշվետվության պահանջ է դրվում։ Դրանք չկատարելու դեպքում պատժամիջոցներ են նախատեսված։

Նախագիծը դեռ քննարկման փուլում է, բայց շատ իրավապաշտպաններ մտահոգություն ունեն, որ այդ փոփոխությամբ վտանգի տակ է դրվելու հասարակական կազմակերպությունների անկախությունը։

«Բաց հասարակության հիմնադրամների» ծրագրային գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշում է՝ պահանջվում է մանրամասն հաշվետվություն ներկայացնել ծախսած գումարների ու նպատակների մասին։

«Հաշվետվություն չներկայացնելը խախտում է համարվում, և երկու կամ ավելի նման չարաշահումների դեպքում գործադիրը իրավունք ունի մտնել դատարան՝ կազմակերպության գործունեությունը դադարեցնելու հայցով։ Մեկնաբանությունը, որը նա կարող է տալ՝ վատ հաշվետվության, հաշվետվություն չտալու, կիսատ, ոչ ծրագրային նպատակների մասին, դառնում է բավականին լուրջ գործիք նրանց ձեռքում»,- «Ազատության» հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ամիրյանը։

Մինչդեռ արդարադատության նախարարությունը պնդում է, որ ոչ թե փորձում է վերահսկել, այլ ընդամենն ուզում է թափանցիկ դարձնել կազմակերպությունների աշխատանքը հասարակության համար։

Նախարարության իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը պնդեց՝ վտանգներ չկան, հակառակը՝ հասարակական կազմակերպություններին նոր հնարավորություններ կտրվեն։

«Դրական կողմերից է՝ ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, կամավորականության ինստիտուտի ներդրումը, դատարան դիմելու իրավունքը։ Իրականում կարելի է ասել, որ այս օրենքը հենց իրենց շահերից է բխում և այն հիմնական գրավականն է, որը կապահովվի նրանց ֆինանսական կայունությունը և հետագա գործունեությունը»,- ասաց Բալայանը.- «Սա այն գործիքն է, որ կապահովի քաղաքացիական հասարակության առջև հասարակական կազմակերպության հաշվետվողականությունը»։

Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները նաև պարտավոր են աուդիտի եզրակացություն ներկայացնել, եթե իրենց ֆինանսական շրջանառությունը գերազանցում է տարեկան 10 միլիոն դրամը։ «Ժառանգ» ՀԿ-ի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ նախագծի այդ դրույթը թանկ կարող է նստել տարեկան միջին ֆինանսական շրջանառություն ունեցող կազմակերպությունների վրա։

«Աուդիտը բավականին թանկ հաճույք է։ Ստացվում է, որ եթե, օրինակ, կազմակերպության տարեկան շարժը 10 միլիոնից ավելի է, ասենք, 12 միլիոն է, դրանից մի զգալի գումար, մոտ 1 միլիոն դրամի չափ պետք է վճարի աուդիտի համար։ Այսինքն ստացվում է կամ հասարակական կազմակերպությունը պետք է փորձի չզարգանալ, մնալ փոքր, կամ էլ միանգամից պետք է թռիչք կատարի ու անցնի ավելի մեծ ծավալների աշխատանքի»,- ասաց Վրթանեսյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը օրենքի այս նախագծում քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Կետերից մեկում նշված է, որ հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստերին կարող է ներկա գտնվել նաև արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

«Ի՞նչ կարիք կա»,- հարցնում է Մելիքյանը։ Ըստ նրա, անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը ՀԿ-ների ինքնիշխան գոյությունն էր, և հիմա անհրաժեշտություն չկա օրենք փոխել և լարվածություն մտցնել կառավարության ու ՀԿ-ների միջև։

«Այս պարագայում որևէ բան փոխելը միգուցե ավելի շատ պայմանավորված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հետ։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ սա վատ լուր բերող առաջին ծիծեռնակն է։ Միգուցե կարելի է նաև սև ագռավի հետ համեմատել։ Եթե դա այդպես է, ավելի մտահոգիչ է իրավիճակը։ Փաստորեն ստացվում է, որ ԵՏՄ մտնելիս մենք արդեն սկսում ենք ընդօրինակել մեր գործընկերների ամենավատ փորձը»,- ասաց Մելիքյանը։

Դավիթ Ամիրյանը հավելում է.- «Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ լավ կլիներ, որ Հայաստանը Ռուսաստանի նման ունենար ՀԿ-ների գործունեությունը կարգավորող օրենք։ Ռուսական հեռուստաալիքներով հնչում են տարբեր վտանգներ, որ կարող են գալ ՀԿ-ների կողմից։ Այսինքն, եթե մենք չենք կտրվում այս կոնտեքստից, սա կարող է բավականին լուրջ մտահոգությունների առիթ հանդիսանալ, և մենք մտածենք, որ այս նախաձեռնությունը ունի թաքնված միտումներ»։

Օրենքի նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է։ Աչքի առաջ ունենալով ռուս գործընկերների օրինակը՝ ՀԿ-ների ներկայացուցիչները ցանկանում են պայքարել, որ նախագիծը օրենք չդառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG