Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները ուշադրությունը կենտրոնացրել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների վրա, անդրադարձել առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում Հայաստան - Վրաստան համագործակցությանը:

Առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահը հայկական պատվիրակությանը հրավիրել է պաշտոնական ճաշի, որին վրացական կողմից մասնակցել են նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք՝ վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Հայաստանի վարչապետը հանդիպել էր երեկ:

Այցի երկրորդ օրը Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին: Հայաստանի կառավարության ղեկավարը այցելել է Հավլաբար թաղամաս՝ հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին և հարգանքի տուրք մատուցել հայ մեծերի հիշատակին: Ապա վարչապետը ուղևորվել է Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Այստեղ իր ելույթում ներկայացնելով Վրաստան այցի արդյունքները` Աբրահամյանը հայտարարել է, մասնավորապես, որ հայ - վրացական համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման երաշխիք է: Նա հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG